Մարալիկում բուժաշխատողները բողոքի ակցիա են անում
Մարալիկի ծննդատան աշխատակիցները 7 ամիս է աշխատավարձ չեն ստացել։ Նրանք բողոքի ակցիա են անում։ Լրագրողների հետ զրույցում Մարալիկի առողջության կենտրոն ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Անուշ Հովսեփյանն ասաց, որ 2019 թվականին մերժվել է մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պետպատվերի հայտը։
«Բոյկոտից հետո պետական այրերը գալիս են, ասում են՝ վերազինեք մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը, կկատարենք ուսումնասիրություն։ Փորձեցինք վերազինել, փետրվարին տեղի ունեցավ ուսումնասիրություն, որի արդյունքում մեր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքին կարգ չշնորհվեց։ Շիրակի մարզպետը, ես, մեր բաժնի պետ Ասլանյանը փորձեցինք այդ բացերը լրացնել։ Ամեն ինչ արեցինք դրա համար, դիմեցինք նախարարություն, գրություն ստացանք, որ պայմանավորված համավարակով՝ չունեն հանձնախումբ ուսումնասիրություն իրագործելու համար»,- ասաց նա։
Ա. Հովեսփյանի խոսքով, երբ որ պետպատվերը մերժվել է, կառավարության որոշում չեն ունեցել. «Հստակ իրավական ակտ, որի հիման վրա կլիներ ծանուցել 13 աշխատակիցներին ազատման մասին։ Այսինքն, նրանք գտնվում են աշխատանքի մեջ ու չեն ստանում աշխատավարձ։ 12 միլիոն դրամ է կուտակվել։ Այդ ֆինանսական բեռը գնալով մեծանում է։ Բոլորս անհանգստություն ունենք, որ կարող է այս հարցն այսպես գնալով, մեր ֆինանսական բեռը մեծանալով՝ կորցնենք մեր պոլիկլինիկայի ծառայությունը, քանի որ կարող է ֆինանսական բեռի պատճառով սնանկ ճանաչվենք ու լուծարվենք»։
Նա նշեց, որ դիմել են պատկան մարմիններին, վարչապետին, սակայն պատասխան չունեն, իսկ իրենց համար ժամանակը թանկ է։
«Խնդրում ենք որոշակիություն, կատարեն ուսումնասիրություն, աշխատելու հնարավորություն տան, չեն տալիս՝ տան կառավարության որոշում՝ մեր անելիքը հստակ իմանանք։ Ինչքա՞ն կարելի է անորոշության մեջ մնալ»,- ասաց Մարալիկի առողջության կենտրոն ՓԲԸ տնօրենի պաշտոնակատարը։
Նա նշեց, որ իրենց հետաքրքրում է ծննդաբերական բաժանմունքի ճակատագիրը, իրենց ֆինանսական բեռը, ուզում են մատնանաշեն, թե որ ֆինանսական աղբյուրից պետք է ֆինանսավորվեն այս աշխատակիցները։
«Կամ մեզ գործողության հնարավորություն տան, կամ կառավարության որոշում՝ բաժանմունքը փակելու մասին։ Բայց ինչի՞ փակել, եթե 17 բնակավայր է սպասարկում։ Կարելի է ճիշտ աշխատանքի արդյունքում բոլոր հղիներին բերել այստեղ»,- ասաց Ա. Հովսեփյանը։
Մարալիկի բնակիչներից մեկն ասաց, որ իր հարսն այստեղ է ծննդաբերել, քանի որ ի վիճակի չէր հասցնելու Ախուրյան, Արթիկ, տաքիսով հազիվ հասցրել են այստեղ։
«Փետրվարին հարսս հիվանդ էր ու հղի։ Տարել ենք Արթիկ, մեզ անտեսեցին, ասացին, եթե Մարալիկում եք գրանցված, ոչ մի բանով չենք կարող օգնել։ Գիշերվա կեսին գնացել ենք Ախուրյան։ Նույն պատասխանը տվել է Ախուրյանը։ Գնացել ենք Գյումրիի ծննդատուն։ Ընդառաջեցին մեզ»,-պատմեց Մարալիկի բնակիչը։
Նա շնորհակալություն հայտնեց Մարալիկ ծննդատան աշխատակիցներին հոգատար վերաբերմունքի համար. «Հինգ թոռնիկ ունեցել եմ Մարալիկի ծննդատանը, ոչ մի բողոք չունենք։ Փակեն։ Հեշտ է փակել։ Ինչի՞ համար։ Ամեն հարմարանքը կա՝ մաքրություն, հոգատարություն, սարքավորումներ։ Հլը 6-րդ, 7-րդ թոռինիկներին պետք է այստեղ ունենամ»,- ասաց ուրախ տատիկը։
Հարակից հրապարակումներ`
- Մարալիկի հիվանդանոցի բուժանձնակազմը բողոքի ակցիա է անում
- Նվեր` Մարալիկի ծննդատնից
- Մարալիկի փակված ծննդատանը բժիշկները անվճար են աշխատում
- ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել Մարալիկի ծննդատան փակման առնչությամբ
- Մարալիկցիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
- Մարալիկի ծննդատունը փակման եզրին է. «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան