Հանրահավաք ու երթ ենք իրականացնելու՝ ցույց տալու, որ չենք հիպնոսացել. Բաբայան
«Մեր երկրում և՛ քաղաքաշինության, և՛ անվտանգության, և՛ ներքին գործերի, և՛ ԺԵԿ-ի... և՛ համատիրության հարցերով զբաղվում է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
Նրա խոսքով, եթե այդ ամենով զբաղվում է մեկ մարդ, ապա այս ուռճացված պետական համակարգը ո՞ւմ համար է պահվում։ Ըստ բանախոսի, Կառավարությունը պետական համակարգում բարեփոխումների փոխարեն «չարեփոխումներ» արեց։
«Հասարակության մեջ ատելություն են սերմանել, հասարակության մեջ մտցրել են հայկական, հոգևոր արժեքների դեմ արշավ։ Սկսեցին մեր հերոսների կերպարը մեր աչքի առաջ ջախջախել։ Այդ ամենը մենք այս երկու տարիներին տեսանք, հիմա էլ կանգնում ասում է՝ գիտե՞ս՝ անգլերեն չիմանաս, մոշ չես կարող աճեցնել։ Եթե վերջին 300 տարիների պատմության քաղաքական լիդերների ցիտատները վերցնեն ուսումնասիրեն, Նիկոլ Փաշինյանի ցնդաբանական ցիտատներից որևէ լիդերի մոտ չեք հայտնաբերի։ Նա ասենք գնում է ինչ-որ ջերմոց, ասում, վայ, էս մո՞շ եք աճեցնում, նայում է, վայ՝ ելա՞կ է։ Հետո էլ՝ թե պետք է ներդրումներ բերենք, ախր ինքն ի՞նչ կապ ունի ներդրումների հետ, երբ իր օրոք զրո ներդրում է եղել»,- նշեց բանախոսը։
Վահան Բաբայանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ներդրում չի եղել, բայց մեկ կմ ասֆալտի մասին միանգամից «գոռգռում» են։
«Բայց որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք հազարավոր կմ-ներով ճանապարհներ են ասֆալտապատվել, կամուրջներ են ստեղծվել, մարդիկ մոռացել են։ Բայց մենք հո չե՞նք մոռացել։ Երևանը վերցնենք. Հայկ Մարությանը մի տասը օրով հայտնվում ու նորից արձակուրդ է գնում, Մեսչյանին ճանապարհում են պարգևավճարներով՝ ասելով, որ դե ինքը երկու տարով էր եկել, ավարտվեց իր ծառայությունը։ Խոպա՞ն էիք եկել։ Մարդկանց խաբեցիք, աշխատեցիք, փողերը վերցրիք, հիմա էլ գնո՞ւմ եք։ Մետրո ու ճոպանուղի էիք կառուցում... մի հատ էլ երգեք «Ո՞ւր էիր Աստված», թողեք գնացեք»,- ասաց նա։
Անդրադառնալով երկրում արդեն հինգ ամիս անընդմեջ շարունակվող արտակարգ դրությանը՝ Վահան Բաբայանն ասաց, որ այն իշխանությունը պահելու միակ միջոցն է։
«Ուղղակի, հասկանալով, որ ժողովրդի համբերության բաժակը լցվում է, բողոքի ալիք է ահագնանում, գնացին մեղմացումների, օրինակ՝ հավաքներ անցկացնելու արգելքը հանվեց։ Եվ այսօր ես հայտարարում եմ, որ ի տարբերություն շատ մարդկանց, որոնք դիվաններից նստած լայքելուց բացի ոչինչ չեն անում, պահանջելու ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սեպտեմբերի 4-ին ժամը 18.30 մենք հավաքվելու ենք Մատենադարանի մոտ, այնուհետև իրականացնելու ենք երթ՝ ցույց տալու, որ այս երկրում կա ժողովուրդ, որը հլու հնազանդ չի դարձել, չի հիպնոսացել»,- ասաց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան