Առաջարկվում է օգոստոսի նախավերջին կիրակին հռչակել խորովածի միջազգային օր
«Արդեն հինգերորդ տարին է՝ ինչ Ախթալայում անցկացվում է խորովածի փառատոն. Ախթալան համարվում է խորովածի միջազգային մայրաքաղաք»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ անդրադառնալով Ախթալայում անցկացվող խորովածի փառատոնին։
Նրա խոսքով, միջոցառումը ճանաչված է ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Հայաստանի սահմաններից դուրս, և այս օրերին շատ-շատ են իրենց ուղղում հարցը՝ ե՞րբ է անցկացվելու խորովածի հերթական փառատոնը։ Ըստ նրա, պատկան մարմինները պետք է որևէ կերպ աջակցեն, որպեսզի այս տարի ևս անցկացվի, իր խոսքով, այսքան մեծ ճանաչում և տարածում ստացած փառատոնը։
«Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյանն էլ նշեց, որ իրենց նպատակն է հայկական խոհանոցը և խորովածը դարձնել միջազգային թրենդ։
«Դժբախտաբար, այս տարի պանդեմիայի հետ կապված խախտվել են փառատոնի ժամկետները, բայց հույս ունենք, որ պարետատունը որոշակի մեղմացումներ կսահմանի, ինչը թույլ կտա բավականին պահանջված փառատոնն իրականացնել։ Հինգ տարի առաջ Ախթալան ճանաչվեց որպես խորովածի միջազգային մայրաքաղաք, և կա մի ցանկություն ևս, որ ամբողջ աշխարհում օգոստոսի նախավերջին կիրակին ընդունվի՝ որպես խորովածի միջազգային օր։ Թեև խորովածն աշխարհի ամենահին ուտեստներից է, մսի ամենահին ջերմամշակման ձևը հենց խորովելն է, դեռ չկա այդ ուտեստին նվիրված օր։ Մենք ուզում ենք, որ օգոստոսի նախավերջին կիրակի օրվա ընթացքում աշխարհի տարբեր կողմերում հայերը խորովածի կրակ վառեն։ Կրակը միավորում և բարեկամացնում է։ Ուզում ենք, որ աշխարհի բոլոր ծագերում կրակ վառվի, խորոված պատրաստվի և լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակվեն սոցցանցերում։ Վստահ եմ, որ սա կնպաստի Հայաստանի և հայ խոհանոցի հանրահռչակմանը»,- շեշտեց Վազգեն Խաչիկյանը։
Նրա խոսքով, ցանկալի է, որ հնարավորության դեպքում մարդիկ տարբեր երկրներից ու վայրերից գան Ախթալա՝ մասնակցելու խորովածի փառատոնին, իսկ ովքեր չեն կարող, թող իրենց տներում խորոված պատրաստեն, և այդ ձևով մասնակցեն փառատոնին։
«Այս տարի պետք է փառատոնը նշվեր օգոստոսի 23-ին, բայց համավարակի պատճառով այժմ խորովածի օրը նշել չենք կարող, գուցե կարողանանք սեպտեմբեր-հոկտեմբերին նշել, եթե պարետատան որոշում լինի։ Հնարավոր է նաև, որ այս տարի փառատոնն ընդհանրապես չանցկացվի։ Դա շատ ցավալի կլինի մեզ համար։ Բայց, մենք կոչ ենք անում, որ այս տարի օգոստոսի 23-ը այսպես, թե այնպես մարդիկ նշեն՝ որպես խորովածի օր»,- նշեց նա։
Անդրադառնալով խոհարարական ոլորտի վրա համավարակի ազդեցությանը՝ Սեդրակ Մամուլյանն ասաց, որ կոնկրետ ինքը «շահել է» այս շրջանում, քանի որ կարողացել է համակարգել մարզային ուտեստների մասին ինֆորմացիան։
«Մեր յոթ մարզերի մարզային խոհանոցը մշակել ենք՝ համադրելով հավաքված բոլոր նյութերը։ Մնացին Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերը։ Թեև դեռ թղթի վրա մշակվեցին բաղադրատոմսերը։ Մի չքնաղ երևույթ ստացվեց։ Ինչպես տարբերվում են բարբառները, այնպես էլ՝ խոհանոցներն են տարբերվում։ Տարբեր յոթ համեր ու բույրեր հավաքել ենք։ Այն, ինչ խոսք էինք տվել հանրությանը՝ գաստրոքարտեզ ստեղծելու առումով, համարյա արդեն ավարտել ենք։ Դա կլինի մեր նվերը տուրիզմով զբաղվողներին»,- տեղեկացրեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին