Ձկնորսները փակել են Երևան-Սևան մայրուղին
Ձկնորսներն այսօր իրենց մեքենաներով երկկողմանի փակել էին Երևան-Սևան մայրուղին: Նրանք դժգոհում են, որ Սևանա լճից սիգի որսի դեպքում սահմանափակումներ են մտցվել։ Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ իրենք համաձայն են ամեն ամիս վճարել հստակ գումար, «թող մեր բանակին գնա», բայց իրենք դժգոհ են կառավարության ներկայացրած պահանջներից։
«Կառավարությունը պահանջում է՝ ամեն կիլոգրամի համա 65 դրամ՝ բնօգտագործման վճար, 500 գրամից պակաս ձուկ չպետք է լինի, փոքր Սևանից ծով չմտնենք»,- ասաց ակցիայի մասնակից Վախթանգ Ստեփանյանը։
Ձկնորսներն ասում են, որ Սևանա լճի կանաչելը ձկնորսության հետ կապ չունի, այլ մաքրման աշխատանքները նորմալ չկատարելու հետևանք է։
«Ծառերն ընկնում են ջրի մեջ, չեն թողնում գյուղացիները տանեն իրենց ձմեռվա համար վառելիք անեն, ալիքը քաշում, տանում է ջրի մեջ, նեխացնում է։ Դա է Սևանին վտանգ սպառնում»,- նշեց ակցիայի մասնակիցը։
Ասում են՝ Սևանա լճում սիգը շատ է, իսկ իրենք ցանցերով են բռնում։
Ակցիայի մասնակիցներից մյուսն ասաց, որ սխալ խորհուրդ են տվել բնապահպաններին. վերջին չորս տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ սիգը շատանում է, իսկ գիտնականներն ասում են՝ քիչ է։
Բողոքի ակցիայի վայրում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա լրագրողներին ասաց, որ խնդիրը բավականին խորն է, 2004 թվականից արդյունագործական ձկնորսություն չկա, ոլորտի պատասխատուները հանձն են առել ոլորտը կարգավորել։
«Բոլորս գիտակցում ենք, որ երկար տարիներով չկարգավորված ոլորտը կարգավորելիս կարող է որոշակի խնդիրներ առաջանալ։ Երկու օր է կարգը գործում է, մեր քաղաքացիները որոշակի խնդիներ են տեսել։ Դրա համար իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Պայմանավորվել ենք, որ շաբաթ-կիրակի բոլոր խնդիրները, որոնք իրենք բարձրաձայնում են, ձևակերպեն, գրավոր ներկայացնեն շրջակա միջավայրի նախարարություն։ Հարցեր կան, որոնց պատասխանները հիմա էլ կան, հարցեր կան, որոնք որոշակի օրենսդրական կարգավորման կարիք ունեն, հարցեր կան, որոնց լուծումը որոշակի ժամանակ է պահանջում։ Ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ մեր ձկնորսները համամիտ են՝ խելամիտ կարգավորումների արդյունքում աշխատել օրենքի շրջանակում»,- ասաց մարզպետը։
Նա նշեց, որ մարզպետարանում առնվանզ 5-6 անգամ քննարկումներ եղել են այդ թեմայով, բավականին ձկնորսներ մասնակցել են
Այժմ ցուցարարները բացել են մայրուղին։ Նրանք նշեցին, որ իրենց ասել են երեքշաբթի վերջնական պատասխան կտան կառավարությունից։ Պատասխանները չբավարարելու դեպքում չեն բացառում նորից հավաքվել։
Հիշեցնենք՝ Սևանում ապօրինի ձկնագողության դեմ պայքարելու համար շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկել էր իրականացնել սիգի փորձարարական որս: Փորձարարական որսի ընթացքում թույլատրվում է որսալ միայն 500 գրամից ոչ պակաս ձուկ: Որսը թույլատրվում է բացառապես 80 սմ-անոց և ավելի խոշոր ցանցավանդակներով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա: Որսը թույլատրվելու է մինչև 2020թ.-ի հոկտեմբեր ամիսը, ձվադրման սեզոնին սիգի որսը դարձյալ կարգելվի: Ձկնորսական նավակները լիճ մուտք են գործելու միայն դրանց համար նախատեսված 17 տեղամասերից: Նախարարությունը այս տարվա համար նախատեսել է մեկ կիլոգրամ սիգի համար 65 դրամ բնօգտագործման վճար:
Վերջին անգամ սիգի պաշտոնական որսը թույլատրվել է 2004 թվականին: Բերված հիմնավորմամբ, ԳԱԱ տվյալների համաձայն՝ Սևանա լճում սիգի ընդհանուր քանակը 2268 տոննա է, որից արդյունագործական ընդհանուր պաշարը 667 տոննա է, ինչի հիման վրա էլ նախագծով 2020 թվականի համար սահմանվել է 200 տոննա:
Հարակից հրապարակումներ`
- Սևանում կթույլատրվի 200 տոննա սիգի արդյունագործական որս
- Խրոնիկ խնդիր՝ նախատեսվում է թույլատրել 250 տոննա սիգի որս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան