ՌԴ-ն աշխատում է Ղարաբաղի հարցով բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ. Լավրով
Ռուսաստանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին, աշխատում է ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Trud» թերթին տված հարցազրույցում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսում: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների հետ միասին», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հուլիսյան սահմանային հակամարտությունը 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ ամենալուրջ խախտումն էր: Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 26 տարվա ընթացքում առաջին անգամ բախումներ են տեղի տեղի ունեցել ոչ թե Լեռնային Ղարաբաղի շփման գծում, այլ ուղղակիորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի հատվածում: Նա հավելել է, որ բախումների ընթացքում օգտագործվել են հրետանային ականանետեր և հարձակողական անօդաչու թռչող սարքեր։
Ներկայացնելով իրադրությունը՝ նա նշել է, որ հայկական կողմի որոշումը՝ վերականգնել հին սահմանային անցակետը, որը գտնվում է ադրբեջանական արտահանման խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա, մի կողմի մոտ առաջացրել է լուրջ մտահոգություն, իսկ մյուսի մոտ՝ ոչ արդարացված պատասխան, և արդյունքում սկսվել է առճակատում։
Ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանի արտգործնախարարությունը ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում հակամարտության լուծման համար. «Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն անմիջական կապի մեջ է երկու երկրների արտգործնախարարների հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Տավուշում ծավալված գործողություններից հետո կրակոցների կտրուկ աճ կա
- Տավուշում թշնամու դիպուկահարի կրակոցից զինծառայող է մահացել