Լուկաշենկոն խոստացել է առաջիկա օրերին կայունացնել իրավիճակը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է առաջիկայում կարգավորել երկրի իրավիճակը: «BelTa»-ի տարածած այս տեղեկությունը փոխանցել է «Գազետա ռու»-ն:
«Մինսկում, մեկ այլ տեղ, ինչ-որ մեկին սա դուր չի գալիս: Դա բնական է: Բայց սա ձեզ չպետք է անհանգստացնի, սա իմ խնդիրն է, որը ես պետք է լուծեմ, և մենք այն լուծում ենք: Եվ հավատացեք, մենք կլուծենք մոտ օրերս»,- Ձերժինսկու գյուղատնտեսական գործարանի աշխատողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո, արդյունքների կեղծման դեմ սկսվեցին չարտոնված բողոքի ցույցեր: Դրանց ընթացքում ոստիկանները և ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ:
Ավելի ուշ գործադուլներ սկսվեցին երկրի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններում, որոնց աշխատակիցները պահանջում էին նոր ընտրություններ անցկացնել և դադարեցնել ցուցարարների նկատմամաբ դաժան վերաբերմունքը:
Ընդդիմության բոլոր թեկնածուների շտաբները հայտարարեցին, որ չեն ճանաչում ընտրությունների պաշտոնական արդյունքները: