Կարմիր գիծը հատելու դեպքում Միջերկրականում լարվածությունը կվերածվի ռազմական գործողությունների. Ռուբեն Սաֆրաստյան
«Եթե որևէ կողմ անցնի կարմիր գիծը, ապա շատ արագ այդ լարվածությունը կվերածվի ռազմական գործողությունների»,- մամուլի ասուլիսում հայտարարեց ԳԱԱ ակադեմիկոս, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Միջերկրական ծովում Հունաստանի և Թուրքիայի լարված հարաբերություններին: Ըստ բանախոսի, կարմիր գիծը կապված է Կրետե կղզու հետ, եթե թուրքական նավերը չափից շատ մոտենան կղզուն, ապա այն կնշանակի ռազմական գործողությունների սկիզբ:
Ակադեմիկոսի խոսքով, լարվածության պատճառը ծովի հատակում առկա էներգակիրների մեծ պաշարներին տիրանալու ձգտումն է: Այդ գործընթացներում ներգրավված են Թուրքիան, Հունաստանը, Կիպրոսը, Եգիպտոսը, Իսրայելը, Լիբիան: Խնդրի վերաբերյալ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Ֆրանսիան, Իտալիան, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն: Սաֆրաստյանը համոզված է, որ Լիբիայում նույնպես պայքար է գնում էներգակիրների համար, որտեղ կրկին ակտիվ է Թուրքիան:
Սաֆրաստյանի դիտարկմամբ, Թուրքիան միտումնավոր սադրում է Հունաստանին և Կիպրոսին: Որպես փաստարկ նա բերեց 2010 թվականին Թուրքիայի ռազմածովային ուժերի բարձրաստիճան սպաների կողմից պատրաստած գաղտնի փաստաթղթի բացահայտման դեպքը: Այդ փաստաթղթով նախատեսվում էր այն ծրագիրը, որը, ըստ բանախոսի, հիմա իրականացնում է Թուրքիան՝ չնայած դրա առնչությամբ դատական գործ էր հարուցվել և սպաներին մեղադրել էին առանց ԶՈՒ ղեկավարության նման փաստաթուղթ ստեղծելու մեջ: Ակադեմիկոսը հայտնեց, որ այդ փաստաթղթի համաձայն՝ Թուրքիան պետք է քաղաքացիական ուժեր օգտագործեր հունական կողմին սադրելու համար, նաև՝ Հունաստանի ջրային տարածքներ ձկնորսներ ուղարկելով, ինչը և ներկայում անում է:
Դիտարկելով խնդիրը՝ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ նախօրեին Էմանուել Մակրոնը և Անգելա Մերկելը հայտարարեցին, որ պաշտպանում են ԵՄ անդամ պետություններին (Հունաստանին և Կիպրոսին): Ըստ Սաֆրաստյանի, Թուրքիային քննադատում է նաև ԱՄՆ-ը, որն այս տարածաշրջանում արդեն տեղակայել է խոշոր ռազմանավ և օդուժ:
Արևելագիտության ինստիտուտի տնօրենը գտնում է, որ Թուրքիայի գործողությունները չի պաշտպանում նաև ՆԱՏՕ-ն՝ չնայած ֆրանսիական և թուրքական ռազմանավերի միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ վերջինս չքննադատեց Թուրքիային, որը դրա ակնհայտ մեղավորն էր: Դրան հետևեց Մակրոնի հայտարարությունը. «ՆԱՏՕ-ի ուղեղը հիվանդ է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին