«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանը կարգադրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ազատել գրեթե բոլոր մասնաճյուղերի տնօրեններին
«Հրապարակ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ոչ միայն Սևանա լճով է զբաղվում և կարգադրում կես կիլոգրամից պակաս քաշով ձուկ չբռնել՝ հորդորելով 450 գրամանոց ձուկ հայտնաբերողներին ահազանգել իրավապահներին, այլև ուրիշ հարցերով։ Օրինակ՝ անտառներով։
Մեր տեղեկություններով, նա կարգադրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանին՝ ազատել գրեթե բոլոր մասնաճյուղերի տնօրեններին։ Մասնաճյուղերը 18-ն են։ Նախարարն ասել է, որ նոր թեկնածուներին անձամբ է ընտրելու։ Անտառտնտեսություններում լուրեր են տարածվել, որ «Քաղպայմանագրի» անդամները, նրանց համակիրները, ազգականներն ու ընկերներն աշխատանք են պահանջում, և իշխանությունը որոշել է ապահովել։
Մենք փորձեցինք կապվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանի հետ, ով այս պաշտոնին նշանակվել է 2020 թ․ ապրիլին։ Նա ասաց, որ արձակուրդում է, հարցերին կպատասխանի արձակուրդից հետո։ Մեր աղբյուրներն ասացին, որ արձակուրդն էլ պատահական չէ՝ տնօրենը որոշել է պաուզա վերցնել։ Հավանաբար հույս ունի, որ նորաթուխ նախարարը մի քիչ կհանգստանա, և նրան հնարավոր կլինի բացատրել, որ կադրերն անտառում թփի տակ չեն աճում, և չի կարելի կամայականորեն ազատել կամ ընդունել աշխատանքի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում