Ախալքալաքում փորձել են պայթեցնել պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր ավտոմեքենան
Օգոստոսի 21-ին Ախալքալաքում, Սամցխե-Ջավախեթիի համալսարանի մոտակայքում, ճանապարհին փորձել են պայթեցնել Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր՝ Մարտուն Մկոյանի Mersedes մակնիշի ավտոմեքենան: Պայթյունից վնասվել են Մարտուն Մկոյանի լսողական ընկալիչները: Jnews-ի հարցին՝ ինչպես է դեպքը եղել, Մարտուն Մկոյանը հրաժարվել է պատասխանել՝ պատճառաբանելով, որ լավ չի լսում:
Պատգամավոր Հենզել Մկոյանն ասել է. «Ես հյուրեր ունեի, նրանց հետի էի, զանգեց եղբայրս, ասաց շատ մեծ պայթյուն է եղել իր կողքին, որից ինքը սկսել է լսելու ունակությունը կորցնել, բացի դրանից մեքենայի վրա մուր է հայտնվել, մեքենայի բոլոր 6 անվտանգության գոտիները բացվել են: Ես եկա դեպքի վայր, տեսա, որ ծառի տակ ճյուղերը ջարդված են, պայթյունից ծառի տակ փոս է առաջացել: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ շենքերի ապրողները դուրս են եկել վախեցած, պայթյունը լսել են նույնիսկ քաղաքի կենտրոնում»:
Պատգամավորը եղբոր մեքենայի պայթյունի փորձը կապում է իր գործնեության հետ և վստահ է, որ նպատակակետը ինքն է եղել, ոչ թե եղբարը:
«Սա մեր ընտանիքի վրա մտածված է կատարվում: Երեկ երեկոյան եղբորս մեքենայով ես իջել եմ Հէկ, երևի սա էլ են հաշվի առել: Դուք երևի իմ ֆեյսբուքյան էջում տեսել եք, որ հունիսի 20-ին ինձ զանգել և սպառնացել են, որ տնից դուրս չգամ, խելոք նստեմ տանը, ընտրություններին չմասնակցեմ, թե չէ իրենք ինձնից ամենաթանկագինը կխլեն: Երկրորդ անգամ ամսի 24-ին զանգել են վայբերով, ռուսական համարով, ասել են՝ անպայման պետք է մեծ գումար ուղարկեմ, եթե՝ ոչ, ապա նրանք ինձ կսպանեն: Նա ասաց, որ 15 տարի նստել է և պատրաստ է ևս 20 տարի նստել, եթե ես չկատարեմ պահանջը: Ես դիմեզի գլխավոր դատախազություն որպես պատգամավոր, որ ինձ վախեցնում են, դիմեցի պարոն Շոթաձեին, նա իմ դիմումը ուղարկել է Ախալցիխեի ոստիկանություն: Այսօր եղավ այն, ինչը սպասելի էր, այսինքն՝ այդ մարդիկ պատահական մարդիկ չեն: Մարտի 26-ին իմ վրա կատարվեց մահափորձ, այսօր հասավ այն վիճակին, որ իմ ընտանիքի անդամները, իմ երեխաները, իմ կինը՝ բոլորի հոգեբանությունը խառնվել է, նրանք գիշերը չեն քնում, դեղորյաք են խմում: Այսօր մենք անպաշտպան ենք, որովհետև դեպքերը լինում են, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Ես կարծում եմ, որ հիմնական նպատակակետը ես եմ եղել, ոչ թե եղբայրս», – ասել Հենզել Մկոյանը:
Արդյո՞ք այսքանից հետո գործող պատգամավոր Հենզել Մկոյանը պատրաստվում է մասնակցել հոկտեմբերին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հարցին ի պատասխան նա ասել է. «Ես չեմ ուզում, ժողովուրդն ուզում, որ մասնակցեմ ընտրություններին: Երևի այսքան դեպքերից հետո արդեն առաջադրեմ թեկնածությունս որպես անկախ պատգամավոր: Այսօր ես տեսնում եմ, որ իմ գլխին ամեն շաբաթ մի բան բերում են»:
Նշենք, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանք» կուսակցությունը Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանից որպես մեծամասնական թեկնածու առաջադրել է Սամվել Մանուկյանին, ոչ թե Հենզել Մկոյանին:
Հենզել Մկոյանը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է սկսած 1999 թվանակից մինչ օրս:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. «Հենզել Մկոյանին սպառնում են սպանել»
- Ստորագրահավաք՝ Հենզել Մկոյանին պատգամավորական մանդատից զրկելու համար
- Վրաստանի խորհրդարանում աջակցել են Հենզել Մկոյանին
- Պատգամավոր Հենզել Մկոյանը պատմել է Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին