Ի՞նչ է սպասվում Վանաձորի քիմպրոմին
Վանաձորի քիմիական գործարանը որպես այդպիսին շահագործման հեռանկար չունի։ Փոխարենը քաղաքային իշխանությունները ծրագրեր են կազմել ՝ տարածքն այլ նպատակներով օգտագործելու համար։
Panorama.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ կա խոշոր ծրագիր՝ քիմպրոմի տարածքը տարբեր նպատակներով օգտագործելու նպատակով։
«Բուն քիմպրոմի շահագործմնան հեռանկարները գրեթե զրոյական են։ Բայց այդ տեղի հետ կապված մի շարք պրոեկտներ ունենք։ Մի քանի կազմակերպությունների,սեփականատերերի, բանկի հետ հանդիպումներ են եղել,ունենք պայմանավորվածություն և մշակված ծրագիր։ Արդեն առարկայական քննարկումների փուլ ենք մտնում։ Հնարավոր է այդ տարածքի հարցը շուտով լուծենք և դարձնենք Վանաձորի համար արտադրական բիզնես գրավչության կենտրոն»,- ասաց քաղաքապետը։
Մեր դիտարկմանը, թե ի՞նչ է արտադրվելու կամ ինչպե՞ս է օգտագործելու տարածքը, քաղաքապետը պարզաբանեց․ «Ոչ թե լինելու է քիմական արտադրություն, այլ տարածքը բաժանվելու է հատվածների, յուրաքանչյուր հատվածի համար մշակվելու է առանձին ծրագիր։ Օրինակ՝ մի տեղում կարող է լինել բանկ, մյուս հատվածում՝ արտադրություն, մի տեղում էլ՝ հյուրանոցային բիզնես և այլն»։
Այս բոլոր բիզնես-պրոեկտները հսկվելու են մեկ մարմնի կողմից։ Ասլանյանի փոխանցմամբ ՝ կստեղծվի մի կառույց, որը կկառավարի քիմպրոմի տարածքում գտնվող արտադրական ենթակառուցվածքները։
Քաղապետը նաև հավելեց, որ ծրագիրը պատրաստ է, մասնավոր ընկերությունների և բանկի հետ ընդհանուր հայտարարի եկել են։ Այս պահին ծրագիրը Կառավարության հետ քննարկումների փուլում է։
«Եթե մեր բոլոր գաղափարները իմի բերվեն , ապա կունենանք ոչ միայն աշխատեղեր, այլև քաղաքի զարգացման և առաջխաղաղցման առումով առաջընթաց»,- եզրափակեց Ասլանյանը։
Հիշեցնենք, որ Վանաձորի քիմպրոմի շուրջ տարբեր ժամանակներ, տարբեր ծրագեր են կազմվել, այդ թվում պարարտանյութերի արտադրության և այլ, սակայն և ոչ մի ծրագիր այդպես էլ չի իրագործել։ Ցայսօր գործանաի տարածքը համարվում է լքված տարածք։