Ղամբարյանն ու Մանասյանը դեմ են քվեարկել բարձրագույն դատական ատյանները միավորելու հայեցակարգին
Իրավաբանական գիտությունների դոկտոր, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանը դեմ է քվեարկել ՀՀ սահմանադրական և ՀՀ վճռաբեկ դատարանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին։
«Այսօր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը (ձայների չնչին տարբերությամբ) հավանություն տվեց ՀՀ սահմանադրական և ՀՀ վճռաբեկ դատարանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին: Հարցը պետք է դրվի նաև հանրային քննարկման:
Սահմանադրական կարևոր ինստիտուտները լուծարելու և դրա տեղը նորը ձևավորելու համար պետք է ներկայացվեր լուրջ փաստարկներ և հիմնավորումներ, հնարավորինս հստակ պետք է ներկայացվեր այն խնդիրները, որոնք կարելի է լուծել բացառապես գործող ինստիտուտները լուծարելու և ոչ թե շուրջ 25 տարի գործող ինստիտուտները բարեփոխելու եղանակով:
Նկատի ունենալով, որ ներկայացված հիմնավորումներումների իրավական բաղադրիչը, նման համակարգային փոփոխություն կատարելու համար, համոզիչ չէ (բովանդակային հարցերին կանդարադառնամ հետագայում), ուստի դեմ եմ քվեարկել ՀՀ սահմանադրական և ՀՀ վճռաբեկ դատարանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ա. Ղամբարյանը:
Մասնագիտական հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանը նույնպես դեմ է քվեարկել բարձրագույն դատական ատյանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին։
«Այսօր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հաձնաժողովը 8 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշել է բարձրագույն դատական ատյանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում:
Արժևորելով հեղինակների կողմից ներկայացված առաջարկը՝ դեմ եմ քվեարկել վերջինիս՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Կարծում եմ, որ ցանկացած ֆունդամենտալ փոփոխության պատշաճ իրացում ենթադրում է լուրջ մարդկային, մասնագիտական, նյութական և այլ ռեսուրսի ներգրավում ու կենտրոնացում: Ավելին, ֆունդամենտալ փոփոխությունը նաև հոգեբանական հենք է ենթադրում: Այդ է պատճառը, որ նման փոփոխությունը կարող է հաջողել սոսկ մի դեպքում՝ եթե վերջինիս հիմքում ընկած են արժանահավատության լրջագույն աստիճան ունեցող, կոնկրետ, հստակ և ամբողջական հիմնավորումներ և դրանց վրա հիմնված՝ տեսանելի սահմանադրական անհրաժեշտություն: Ավելին, ֆունդամենտալ փոփոխության առնչությամբ ցանկացած որոշում պետք է հիմնված լինի առկա խնդիրների, առաջարկվող լուծումների և հնարավոր ռիսկերի գնահատման ու դրանց միջև պատշաճ հավասարակշռություն գտնելու հանգամանքի վրա: Ներկայացված հիմնավորումները ինձ մոտ չեն ձևավորել այն մասնագիտական տպավորությունը, որ առկա է նշված հիմնարար փոփոխությունն իրականացնելու սահմանադրական անհրաժեշտություն՝ հիմնված վերոգրյալ չափանիշների վրա: Ակնհայտ է, որ Հայաստանի արդարադատության, այդ թվում՝ սահմանադրական արդարադատության համակարգը ունի զարգացման և կատարելագործման անհրաժեշտություն։ Միևնույն ժամանակ, հարցադրմանը մասնագիտական տեսանկյունից մոտենալու պարագայում դա հնարավոր է իրականացնել նաև սահմանադրական արդարադատության գործող մոդելի շրջանակներում։ Մնացյալ մասնագիտական հիմնավորումները կներկայացնեմ սահմանված ընթացակարգի շրջանակներում»,- ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա. Մանասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ղազինյան. «Նիկոլ Փաշինյան» և «Սահմադրություն» եզրույթները հակասում են իրար
- Գերագույն դատարան ստեղծելու հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում