Լիտվան նոտա է հանձնել Բելառուսին՝ իր օդային տարածքը խախտելու համար
Երկուշաբթի օրը Լիտվան բողոքի նոտա է հանձնել Բելառուսին՝ «Ազատության ուղի» ակցիայի ընթացքում իր երկրի օդային տարածքը ենթադրյալ խախտման կապակցությամբ:
«Նրանց ուղղաթիռը խախտել է մեր օդային տարածքը: Եվ այսօր Բելառուսի դեսպանին հանձնվեց վճռական բողոքի նոտա»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, BNS-ին այդ լուրը հայտնել է արտգործնախարար Լինաս Լինկևիչուսը:
Նա հայտարարել է, որ ուղղաթիռը տեսանելի է եղել Մեդինինկիի մոտ: «Այն կարելի էր վիզուալ տեսնել: Մենք ունենք օդային տարածքի մեր վերահսկողությունն իրականացնող ծառայությունների տեղեկությունն այն մասին, որ խախտում է եղել»,- հայտնել է Լիտվայի դիվանագիտական ծառայության ղեկավարը:
Լիտվայում նախօրեին մի քանի տասնյակ հազար մարդ մասնակցել էին «Ազատության ուղի» ակցիային, որը կազմակերպվել էր ի պաշտպանություն բելառուս ժողովրդի: «Ազատության ուղի» ակցիայի ընթացքում մարդկային շղթայի երկարությունը 32 կմ է եղել և ձգվել է Վիլնյուսի Մայր տաճարի հրապարակից մինչև Բելառուսի հետ սահմանակից Մեդինինկի հուշահամալիր:
Միևնույն ժամանակ, երկուշաբթի առավոտյան Բելառուսի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ լիտվական կողմից «ութ օդապարիկի զոնդի» միջոցով երկրի օդային տարածքը խախտելու փորձ է արձանագրել:
«Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է Բելառուսի Հանրապետության օդային տարածքը խախտելու փորձի մասին: Օգոստոսի 23-ին, ժամը 19: 30-ի սահմաններում, օդային ուժերը և հակաօդային պաշտպանության զորքերը հերթապահության ժամանակ կանխել են Լիտվայի Հանրապետության Օշմիանիի շրջանի Վոլկովշինա բնակավայրի մոտակայքում կազմակերպված սադրանքը: Վերոհիշյալ բնակավայրից դեպի Բելառուսի տարածք բաց էր թողնվել հակաիշխանական խորհրդանիշներով ութ օդապարիկների զոնդ»,- ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Նախարարությունը շեշտել է, որ օդապարիկների թռիչքը դադարեցվել է առանց զենք օգտագործելու՝ հերթապահություն իրականացնող Պաշտպանության նախարարության ՄԻ -24 ուղղաթիռների անձնակազմի գործողությունների շնորհիվ:
«Զինվորական գերատեսչությունը պատրաստել է համապատասխան նյութերը և դրանք ուղարկել է Բելառուսի արտաքին գործերի նախարարություն՝ լիտվական կողմին նոտա նախապատրաստելու համար», - հայտնել են Պաշտպանության նախարարությունից: