ՀՌՀ-ն կազմակերպում է բնագիտական ուղղություններով դասարանների ընդունելություն
Հայ-Ռուսական համալսարանը 2020-2021 ուսումնական տարում «Ուսմունք» դպրոցի հենքի վրա կազմակերպում է ֆիզիկատեխնիկական և քիմիակենսաբանական ուղղություններով հատուկ դասարանների ընդունելություն ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար: Ուսուցումն անվճար է:
Այս մասին տեղեկացնում է ՀՌՀ մամուլի ծառայությունը։
«Հավակնորդները պետք է մասնակցեն հարցազրույցի․ ֆիզիկատեխնիկական դասարան ընդունվելու համար հարցազրույցը լինելու է ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից, իսկ քիմիակենսաբանական դասարան ընդունվելու համար հարցազրույցը լինելու է քիմիա և կենսաբանություն առարկաներից (համապատասխան դպրոցական ծրագրերի շրջանակներում)։
Մրցույթում առավել միավորներ հավաքած դիմորդները կընդգրկվեն համապատասխան դասարաններում՝ ըստ հատկացված տեղերի: Հավասար միավորների դեպքում նախապատվությունը կտրվի 9-րդ դասարանի վկայականում մասնագիտական առարկաներից (ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա, ինֆորմատիկա) առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին: Այդ դասարաններում դասավանդելու են Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և հմուտ ուսուցիչներ:
Դպրոցի շրջանավարտները ստանալու են արտոնություններ Հայ-Ռուսական համալսարանի Ինժեներաֆիզիկական և Կենսաբժշկության ու դեղագիտության ինստիտուտներ ընդունվելիս:
Դիմելու վերջնաժամկետն է՝ 2020թ. սեպտեմբերի 10-ը: Լրացված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 9-րդ դասարանի ավարտական վկայականի պատճենը, ծննդյան վկայականի պատճենը, ծնողների անձնագրերի պատճենները, 3X4 չափսի գունավոր լուսանկար, սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը, բժշկական տեղեկանքի պատճենը (Ձև 26) և Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի անունով դիմումը։
Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար դիմել՝ ֆիզիկատեխնիկական ուղղությամբ՝ պրոֆ., ֆ.մ.գ.դ. Հայկ Սարգսյանին (հեռ. 093 52 47 18, [email protected]), իսկ քիմիակենսաբանական ուղղությամբ՝ կ.գ.դ. Արսեն Առաքելյանին (հեռ. 094 79 23 01, [email protected])»,-նշված է ՀՌՀ հաղորդագրությունում։