Քաղաքապետարանի ներկայացուցիչը չգիտի՝ ով է բողոքող բնակիչներին խոստացել հանդիպում
Երևանի Աղբյուր Սերոբ 7 հասցեի բողոքող քաղաքացիների հետ հանդիպեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հատուկ քաղաքաշինական ծրագրերի կարգավորման մասնագետ Գրիգոր Բաբաջանյանը։
Հիշեցնենք, որ բնակիչները դեմ են տարածքում բարձրահարկի կառուցմանը, կանաչ տարածք են ուզում։
Քաղաքապետարանի ներկայացուցիչը նրանց ներկայացրեց նախագծման թույլատվությունը, քանդման թույլտվությունը, շինարարության թույլտվությունը, հաստատված գլխավոր հատակագծի պատճենը։ Նա նշեց, որ նախագիծն անցել է փորձաքննություններ, դրանից հետո այն հաստատվել է, տրվել է շինթույլտվություն։
Բնակիչներից մեկն ասաց. «Չորս ամիս առաջ գրավոր ներկայացրել ենք մեր բողոքը, քաղաքապետարանից պատասխանել են՝ կխորհրդակցեն բնակիչների հետ, որից հետո շինթույլտվություն կտան, որը չի արվել։ Հիմա եկել եք, բերել եք թղթեր, ասում եք՝ այս մարդիկ անհրաժեշտ ամեն ինչ ունեն։ Բա դուք ո՞ւր էիք»։
Բնակիչներն ասում են, որ իրենց բակ շատ դժվարությամբ է մտնում շտապօգնության, հրշեջ մեքենաներ, ինչպե՞ս պետք է կառուցել նոր շենք։ Ըստ նրանց, օրենքը թերանում է։
Քաղաքապետարանի ներկայացուցիչը լրագրողներին ասաց, որ իրենց բլոկի կողմից հասարակական իրազեկումների մասին ոչ մի խոստում չի եղել, չի կարող ասել, ով է խոստացել։ Ըստ նրա, օրենքը նման դեպքի նման գործընթացի համար նման բան չի նախատեսում։
«Թույլտվությունը տրվել է այն սկզբունքով, որ դիմումատուն, հետագայում կառուցապատողն ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամաս։ Ըստ ընթացակարգի դիմել է, գործընթացը դիտարկվել է, կատարվել է նախագիծ, որն անցնելով համապատասախան փորձաքննության՝ ներկայացվել է համաձայնեցման։ Եթե որևէ անձ՝ ֆիզիկական, իրավաբանական, պահում է օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը, մերժման հիմք չկա։ Քաղաքացիների կարծիքը, իհարկե, հաշվի կառնվի, եթե կարողանան ձևակերպել կոնկրետ խնդիրները, որոնք առկա են, կարող է ևս մեկ անգամ դիտարկվել»,- ասաց Գ.Բաբաջանյանը։
Շինթույլտվությունը տրվել է այս տարի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան