Բողոքող քաղաքացի. Երևանը լրիվ դժոխք են դարձնում
Երևանի Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներն այսօր փակել են ճանապարհը։ Նրանք դեմ են, որ հարևանությամբ կառուցվի բարձրահարկ շենք, կանաչ տարածք են ուզում։ Նրանք պահանջում են դադարեցնել նորակառույցի շինաշխատանքները։
Բնակիչները նշում են, որ ներկայացված նախագիծը շատ հարցեր է առաջացնում, չեն հասկանում, թե ինչ հիմքով է նման որոշում տրվել։
«Սա աղաղակող սխալ է, թող բերեն եզրակացություն տվողներն ապացուցեն, որ այս, այս, այս չափանիշները..., ոչ թե նստեն համակարգիչների առաջ, կնոպկաներով մի շենքը վերացնեն ու տեղը դնեն նորը»,- ասաց բնակիչներից մեկը։
Նրանք նշում են, որ դիմել են քաղաքապետարան, թաղապետարան, ստորագրահավաք են կազմակերպել, սակայն որևէ արձագանք չեն ստացել, միայն ասել են, որ օրինական է, բայց որոշումներ չեն ներկայացնում։
«Այդ ձգձգելն իրենց օգտին է աշխատում։ Եթե մեր օգտին աշխատեր, մանկապարտեզի շենքը չէին քանդի։ Եզրակացություն տվողը թող գա, տեսնի, ոչ թե ասեն՝ խարխուլ մանկապարտեզի շենք կա, մենք քանդենք, լավություն անենք ձեզ։ Թող գային ու տեսնեին, թե ինչ վիճակի էր այս մանկապարտեզը»,- նշում են ակցիայի մասնակիցները։
Նրանց խոսքով, մանկապարտեզի շենքը խարխուլը չէր, կարելի էր դուռը բացել ու օգտագործել։
Բնակիչներն ասում են, որ պայքարի իրենց միակ մեխանիզմը նման ակցիաներ կազմակերպելն ու հնարավորինս շատ մարդկանց խնդրի մասին տեղեկացնելն է։
«Ի՞նչ մեխանիզմ ունենք։ Պառկենք տեխնիկայի տա՞կ, ի՞նչ անենք, որ դադարեցնեն»,- հարցադրում են անում բնակիչները։
«Այստեղ մանկապարտեզ է եղել ու պետք է լինի, եթե ոչ, ապա ոչ այս վիճակը։ Շինարարական ընկերությունից հայտնել էին մեր բնակիչներից մի կնոջ, որ 10 հարկանի շենքի տակ լինելու է մանկապարտեզ։ Այսինքն իրավունք ունե՞ն 10 հարկանի շենքի տակ կառուցել մանկապարտեզ»,- ասաց բնակիչներից մեկը։
Նրանք նշում են, որ քաղաքապետարանը շատ վատ է աշխատում։ Ասում են, որ իրենց հետ որևէ քննարկում չի եղել, թեև խոստացել էին, որ լինելու է նման քննարկում։
«Քաղաքապետարան շատ ենք դիմել։ Առաջին պատասխանը որ լինում է՝ գրավոր դիմեք, մենք կպատասխանենք։ Գրավոր դիմել ենք, պատասխանել են՝ մինչև բնակիչների հետ չնստեն խորհրդի, ոչ մի բան չի սկսվելու, սակայն փաստի առաջ կանգնեցինք։ Արդեն 10-15 օր է շինարարությունը սկսվել է»։
Բնակիչներից մեկն ասաց. «Ես մինչ այս օրը եղել եմ Նիկոլ Փաշինյանի կողմի մարդ, բայց այսօրվանից հիասթափվել եմ իրանից։ Լրիվ հիասթափվել եմ։ Այս ի՞նչ է կատարվում։ Ես չեմ ասում սուտասան է, ես իրեն անընդհատ հետևում եմ, շատ բաներ հավանում եմ։ Բայց այսօրվա օրը...
Մեր Հայաստանում լրիվ բեսպրիդել է գնում։ Ամոթ է։ Հայկ, ամոթ քեզ, հազար ամոթ։ Գնա հորդ բակի ծառերեն էլ հատի։ Քաղաքը լրիվ դժոխք են դարձնում։ Այս ինչ է տիրում մեր երկրում։ Մենք լավն էինք սպասում, Նիկոլ ջան, ոչ թե այսպես բեսպրիդել քաղաք դարձնես»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան