Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 23-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն իր խոսքում նշել է. «Վստահ եմ, որ թիմերը մրցելիս կցուցադրեն արհեստավարժություն, մարտական և մարտավարամասնագիտական պատրաստվածության բարձր աստիճան: «Խաղաղության մարտիկ» մրցույթը կլինի մարտական եղբայրության և խիզախության իսկական տոն և կնպաստի միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը»:
Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի ցուցադրական ելույթով:
«Խաղաղության մարտիկ» մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:
Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակիցներն ուժերը կչափեն գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ», ռազմամարզական «Աթլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևերում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան