ԱՕԿ. Արդեն ժամանակն է եկել ձեռնամուխ լինել նոր՝ ավելի ընդգրկուն փաստաթղթի մշակմանը
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակի վերաբերյալ:
«30 տարի առաջ՝ օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը, որը դարձավ մեր նորանկախ պետության առաջին հիմնադիր և իրավարար փաստաթուղթը՝ ամփոփելով իր մեջ պետականաստեղծման հիմնական սկզբունքներն ու արժեքները։
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը բացառիկ փաստաթուղթ է թե՛ իր բովանդակությամբ և թե այն հանգամանքով, որ այն ձևավորվել էր իրական համաժողովրդական կոնսեսուսի արդյունքում և հիմք դարձել մեր անկախ պետության վերականգման համար։ Թեև հռչակագրում նախանշված ոչ բոլոր նպատակներն են դեռևս իրականություն դարձել, սակայն միևնույն ժամանակ կարելի է փաստել, որ այն իր հիմնական դերը՝ որպես անկախ Հայաստանի հանրապետության ստեղծման հիմնադիր փաստաթուղթ, արդեն իսկ կատարել է։
Այժմ արդեն ժամանակն է եկել ձեռնամուխ լինել նոր՝ ավելի ընդգրկուն փաստաթղթի մշակմանը, որն իր հիմքում ունենալով նաև Հայաստանի հանրապետության անկախության հռչակագիրը, կարտահայտի առավել լայն համազգային կոնսեսուսը և միտված կլինի ապագա առնվազն 100-ամյակի կտրվածքով հայկական երկու պետությունների հզորացմանն ու մեկ պետության մեջ միավորմանը, Հայոց Ցեղասպանության և Հայրենազրկման հետևանքների հաղթահարմանը, և հեռանկարում նաև հայկական քաղաքակրթության երբեմնի հզորության և փառքի վերականգման հիմնական ուղիների նախանշմանը։
Շնորհավո՜ր Հայաստանի հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակը, փա՛ռք ազատ և անկախ Հայաստանի հանրապետությանը»,- նշված է հայտարարության մեջ։