ՔՊ նիստում «արժեքային» քննարկում է եղել. Մակունց
«Սիրով կպատասխանեի ժողովուրդ ջան, բայց շտապում եմ»,- ՔՊ խորհրդի նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շտապեց նստել մեքենան։
Իսկ թե ինչ է քննարկվել կուսակցության խորհրդի նիստում, լրագրողների հետ զրույցում ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցութան ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նրա խոսքով, նախապես պլանավորված օրակարգ չկար, ընթացիկ քննարկումներ են եղել.
«Անդրադարձել ենք արտաքին և ներքին քաղաքական հարցերի։ Քննարկել ենք ՀՀ-ում բարեփոխումների օրակարգը։ Հիմնականում եղել է արժեքային քննարկում»։
Ինչ վերաբերում է Կառավարության կողմից առաջադրվող ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցին, ապա, Մակունցի խոսքով, թեմայի վերաբերյալ որևէ հարց ու պատասխան չի եղել։
Հարցին՝ ինչո՞ւ չի եղել այդ հարցին որևէ անդրադարձ, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ կա հանձնաժողով, որը քննարկում է սահմանադրական փոփոխությունների փաթեթը, ուստի այդ թեմաներով ընդհանուր արժեքային մոտեցումներն են քննարկվել։
Դիտարկմանը, որ ընդամենը երկու օր է մնացել, որպեսզի Կառավարությունը ներկայացնի ՍԴ դատավորի իր թեկնածուին, միայն մե՞կ թեկնածու է լինելու, Լիլիթ Մակունցն արձագանքեց՝ այդ թեմային որևէ անդրադարձ չի եղել.
«Թեկնածուներին անդրադարձ չի եղել, հիմնականում արժեքային մոտեցումների քննարկում էր»։
Հարցին՝ արյդո՞ք ԱԺ արտահերթ նիստ չի գումարվելու, Կառավարության ներկայացրած ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության համար, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ որքանով տեղյակ է, արտահերթ նիստ չի լինելու։
«Եթե անհրաժեշտություն լինի, ԱԺ նախագահը կհրավիրի ԱԺ արտահերթ նիստ, բայց իմ ունեցած տեղեկություններով նման նիստ չի նախատեսվում»,- նշեց իշխանական խմբակցության ղեկավարը։
Հարցին, թե արտաքին թեմաներով քննարկումների ընթացքում անդրադարձ եղե՞լ է ՊՆ սպայի մոլորվելու հարցին, և այն հանգամանքին, որ Ադրբեջանը պնդում է, թե ՀՀ-ն դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ վարչապետի հետ հանդիպումը փակ է եղել.
«Ուստի ես չեմ կարող մանրամասներ ներկայացնել։ Ընդհանուր ուղեծրերով նշում եմ, թե ինչ հարցերի է անդրադարձ կատարվել։ Որևէ հարցադրման չեմ կարող կոնկրետ պատասխան տալ»։
Դիտարկմանը, որ երեկ ՀՀ Անկախության հռչակագրի 30 ամյակն էր, սակայն պետական մակարդակով որևէ միջոցառում չեղավ, Լիլիթ Մակունցն արձագանքեց՝ հարցի հասցեատերն ինքը չէ։
Անդրադառնալով երկրում առկա կորոնավիրուսային վիճակին՝ Լիլիթ Մակունցն ասաց, որ պարետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե արտակարգ դրության ռեժիմը վերջին անգամ է երկարաձգվում, ուժի մեջ է։
Դիտարկմանը, որ վերջին շրջանում տարբեր ՀԿ-ներ և քաղաքական ուժեր ԿԳՄՍ նախարարի հրաժարականն են պահանջում, արդյո՞ք այդ թեմային անդրադարձ չի եղել, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ հարցը, իհարկե, չի քննարկվել։
Հարակից հրապարակումներ`
- «Կամք»-ը ավտոերթով պահանջում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը
- Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է ՔՊ խորհրդի նիստը