Մեկնարկում է Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի գործի քննությունը
Այսօր ժամը 12:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործի քննության առաջին նիստը (դատավոր՝ Արթուր Պետիկի Մկրտչյան)։
Խաչատրյանների փաստաբանական խումբը տարածել է հայտարարություն, որում ասված է. «Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, և ըստ գործում առկա ապացույցների, երբևէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։ Երկուսն էլ պնդում են հրապարակային ու թափանցիկ գործի քննության անցկացման։
Դատական այսօրվա նիստի ընթացքում կքննվի Խաչատրյանների խափանման միջոցի հարցը դատաքննության ընթացքում. հիշեցնենք՝ նրանք երկուսն էլ արդեն 1 տարի է կալանավորված են: Ընդ որում, 64-ամյա Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար։ Այս կապակցությամբ 2020 hուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։ Խաչատրյանների փաստաբանական խումբը օգոստոսի 5-ին արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը ողջամիտ որևէ քայլ չի ձեռնարկել ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար ակնհայտ վտանգների առկայության պարագայում համարժեք բուժում ապահովելու համար՝ հայտարարելով, որ աննախադեպ է Մարդու իրավուքնների եվրոպական դատարանի վճռի չկատարումը։
Հատկանշական է, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ս.թ. հուլիսի 21-ին միջանկյալ միջոց կիրառելուց զատ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա վերաբերյալ գործը ընդունել է վարույթ առաջնահերթության կարգով՝ ՄԻԵԴ կանոնակարգի 41 հոդվածի համաձայն։ ՄԻԵԴ-ը առաջնահերթությունը շնորհել է Խաչատրյանի առողջական վիճակից ելնելով, ինչը ենթադրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համոզվել է, որ անձը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և առողջության իրավունքից զրկման»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ. Իշխանություններից պահանջվում է ապահովել, որ Գագիկ Խաչատրյանը ստանա նաև ֆիզիոթերապիա
- ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում
- Փաստաբանն ահազանգում է. Կոպիտ կերպով խախտվում է Գագիկ Խաչատրյանի առողջության իրավունքը
- Փաստաբան. Գագիկ Խաչատրյանն անհապաղ պետք է ազատ արձակվի
- Փաստաբանական խումբ. Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից
- Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան