Մոլորված հայ սպայի հարցով դիմել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին. Զոհրաբյան
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մոլորված սպայի հարցով դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։
«Ազերի զինծառայողների հրապարակած տեսանյութերը սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպտագույն խախտում են
Օգոստոսի 22-ին, ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը, եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է՝ հայտնվելով ադրբեջանական զինուժի իրավասության ներքո: Դիրքերում մոլորված և ադրբեջանցիների կողմից դիվերսիոն խմբի ղեկավար ներկայացրած՝ ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանը ադրբեջանցի զինծառայողների կողմից ենթարկվել է նվաստացման և բռնությունների։
Սպային ձեռնաշղթա հագցնելը, նրա դեմքը գլխարկով ծածկելը, սպայի արժանապատվությունը վիրավորող հայհոյանքները, Գուրգեն Ալավերդյանի էթնիկ պատկանելությունը շեշտելով՝ նվաստացնող հայտարարություններ անելն ու այդ ամենը սոցիալական ցանցերով և ադրբեջանական հեռուստաընկերություններով տարածելը ժնևյան կոնվենցիայի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումներ են։
Հիշեցնեմ, որ կոնվենցիայով երաշխավորվում է ռազմագերիների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, ինչը բացառում է ցանկացած նվաստացում և անհարգալից վերաբերմունք։
Եվրոպայի Խորհրդի անդամ Ադրբեջանը, ով միացել է միջազգային իրավունքի բազմաթիվ կոնվենցիաների, այդ թվում՝ ռազմագերիների հետ վարվելակերպի հայտնի կոնվենցիային, շարունակում է հետևողականորեն խախտել ու թքած ունենալ իր իսկ ստանձնած պարտավորությունների վրա։
Մենք բազմիցս տեսել են, թե ինչպես է այդ երկիրը վերաբերվում իր իրավասության ներքո հայտնված հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց, ու վերջիններս ինչ անմարդկային խոշտանգումների են ենթարկվում և սպանվում, ինչպես, օրինակ, Մանվել Սարիբեկյանը, որի մասով միջազգային իրավապաշտպան հանրության համարժեք իրավական գնահատականն այդպես էլ չեղավ։
Ակնկալում եմ միջազգային կառույցների՝ իրավական ողջ գործիքակազմով արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Սպա Գուրգեն Ալավերդյանի մոլորվելու հարցով կիրականացվի ծառայողական քննություն
- Մոլորված հայ սպայի հարցը ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի ուշադրության կենտրոնում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան