Ի՞նչ տարբերակներ կան՝ ԵՊՀ ռեկտոր ընտրելու կարգի հետ կապված
ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգային երրորդ հարցը վերաբերում էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացներին: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ լրատվական բաժնից։
ՀԽ նորընտիր նախագահ Գևորգ Մուրադյանը Հոգաբարձուների խորհրդի անդամներին Տեղեկացրել է, որ դեռևս մարտին նախատեսված` ԵՊՀ ռեկտորի և Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթները հետաձգվել են՝ պայմանավորված երկրում հաստատված արտակարգ դրությամբ:
Նրա խոսքով, եթե անգամ այդ ժամանակ նիստը տեղի ունենար, ապա ռեկտորի և տնօրենի ընտրության բուն գործընթացը կարող էր խնդրահարույց լինել ու վիճարկվեր դատարանում: Գևորգ Մուրադյանի հավաստմամբ, իրավական կարգավորում այն մասին, թե ինչ պետք է անել հիմա, չկա. «Հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է մրցույթ, եղել է հինգ թեկնածու, բայց գործընթացը կանգ է առել»:
Նրա կարծիքով, ԵՊՀ ՀԽ-ն բարձրագույն ղեկավարման մարմին է և լիազորված է որոշելու, թե ինչ քայլ պետք է ձեռնարկել հետագայում, բայց հաշվի առնելով բոլոր ռիսկերը՝ Գևորգ Մուրադյանն առաջարկել է, որ ՀԽ-ն հարցում ուղարկի նախ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ հասկանալու, թե ինչ իրավակարգավորումներ կան տվյալ իրավիճակում, և դրան զուգահեռ՝ հարցում ուղարկի Արդարադատության նախարարություն:
ՀԽ նախագահի դիտարկմամբ, այդ գործընթացը կտևի 7-10 օր և թույլ կտա իրավական ճիշտ ճանապարհով կազմակերպել հետագա քայլերը. «ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը Հոգաբարձուների խորհրդի առջև ծառացած խնդիրներից առաջնայինն է այսօր»:
Երևանի պետական համալսարանի հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Հախումյանն առաջարկել է նոր մրցույթ հայտարարել կամ թույլ տալ այլ թեկնածուների ևս առաջադրվելու, քանի որ փոխվել են խաղի կանոնները և ՀԽ անդամները:
Նրա կարծիքով, կարելի է սպասել նաև մինչև կընդունվի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որով այլ չափորոշիչներ են սահմանվում խորհուրդների և ռեկտորի ընտրության համար:
Գևորգ Մուրադյանը փաստել է, որ իրավական ճանապարհը պետք է պարզաբանվի, իսկ ինչ վերաբերում է նոր օրենքի ընդունմանը, ապա դրա ժամկետները դեռևս անորոշ են:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել ՝, որ օրենքի նախագիծը դեռևս կառավարությունում է և չի ուղարկվել ԱԺ: Բացի դրանից՝ նրա խոսքով, անիմաստ է այս պահին խոսել և քայլեր պլանավորել նախագծի դրույթների համաձայն, քանի որ դեռևս անհայտ է, թե վերջնական ինչ տեսք կունենա և ինչ ձևակերպմամբ կընդունվի օրենքի նախագիծը:
Հոգաբարձուների խորհուրդը քվեարկությամբ ընդունել է Գևորգ Մուրադյանի առաջարկությունը:
Հարակից հրապարակումներ`
- Հակասություն կա ՀԽ աշխատակարգի և ԵՊՀ կանոնադրության միջև. ԵՊՀ ՈԻԽ նախագահ
- Ո՞ւմ հրահանգով են փակվել ԵՊՀ դռները լրագրողների առջև
- Գևորգ Մուրադյանը՝ ԵՊՀ ՀԽ նախագահ
- Մենուա Սողոմոնյանն առաջարկել է դադարեցնել ԵՊՀ ՀԽ երկու անդամների լիազորությունները