Այն ոչ թե առողջ ապրելակերպի դաստիարակության խնդիր է, այլ՝ սեռասևեռության. Արմինե Վաղրամյան
«Այն ոչ թե առողջ ապրելակերպի դաստիարակության խնդիր է, այլ սեռասևեռություն դաստիարակելու»,-ԿԳՄՍ նախարարության սահմանած կրթական չափորոշիչներով դպոցներում մտցվող «Առողջ ապրելակերպ» առարկայի բովանգակությունն այսպես գնահատեց 122 դպրոցի ռուսական մասնաբաժնի ուսմասվար Արմինե Վաղրամյանը:
Ուսմասվարը գտնում է, որ դրանով երեխային պարտադրում են սևեռվել իր սեռական պատկանելիության հարցի վրա, որն հարիր չէ մեր ազգին: Վաղրամյանը հայտարարեց, որ Հայաստանում չեն կարող լինել միասեռների ամուսնություն, նրանց կողմից երեխաների որդեգրում, որ երեխան ընտրի իր սեռը, լինի չեզոք սեռի երեխա: Ըստ նրա, այդ հարցը վաղուց լուծված է մարդկության ծագումը բացահայտած տեսություններում և Աստվածաշնչում:
Նկատելով, որ, այնուամենայնիվ, կան նման մարդիկ, որոնք իրավունք ունեն ապրել ինչպես ուզում են՝ Արմինե Վաղրամյանը խնդրեց ու պահանջեց, որ այդ ամենը լինի դռների հետևում, և իրենց այդ հակվածությունը չլինի գովազդ և չփորձեն համալրել իրենց շարքերը:
«Այս ամենն արվում է, որ այդ շարքերն համալրվեն, իսկ սա ազգի, այդ թվում նաև կրթության կործանում է: Ազգի կործանումը սկսվում է կրթության կործանումից, մեր կրթությունը վտանգված է, տապալված, պետք է ոտքի կանգնել»,- հայտարարեց ուսուցիչը:
Արմինե Վաղրամյանը որպես հոգեբան բացատրեց, որ նման գործընթացը գաղտնի կազմակերպողը գիտի, որ կան անընդունելի դրույթներ, վախենում է հասարակության գնահատականներից:
«Գործող նախարարը շատ շնորհակալ գործ արած կլինի հենց իր անձի համար, եթե տա իր հրաժարականը»,-հայտարարեց ուսմասվարը:
Բանախոսը քննադատության ենթարկեց ԿԳՄՍ նախարարության մի շարք գործողություններ: Ըստ նրա, մինչև մարտի 13-ը եղած գնահատականների գրանցման հանձնարարականը թևաթափ է արել այն աշակերտներին, որոնք ցանկանում էին երկրորդ կիսամյակում փոխել իրենց գնահատականները, քանի որ անիմաստ համարեցին իրենց սովորելը: Վաղրամյանը նկատեց, որ մինչև մայիսի 25-ը ներառյալ ուսուցիչները իրականացրել են պարապմունքներ՝ այդ ընթացքում ենթարկվելով շատ անօրեն պահանջների. «Արտակարգ իրավիճակներում, երբ չէր աշխատում տրանսպորտը, մի քանի անգամ գնացին դպրոց՝ մատյաններ լրացնելու, այնուհետև այդ գնահատականները էլեկտրոնային մատյաններ տեղափոխելու, որն առաջին մեծ բացթողումն էր կրթական ոլորտում»:
Նրա խոսքով, անիմաստ, կազմալուծող գործընթաց էր նաև ավարտական քննությունները և ԲՈՒՀ-երի ընդունելությունը:
«Ամառավա ընթացքում, երբ ուսուցիչներն այդ աշխատանքներից հետո հանգստանալու ցանկություն և իրավունք ունեին, տեղի ունեցան վերապատրաստման մի շարք գործընթացներ, որոնք անկասկած պետք էին, բայց անպատեհ էին»,- հայտարարեց ուսմասվարը՝ նկատելով, որ մինչ այդ բազմաթիվ առաջնահերթություններ կային լուծելու: Նա հայտարարեց, որ այդ վերապատրաստումներն արվում էին գումարներով, որն անընդունելի է մանկավարժության ոլորտում աշխատողների համար:
Վաղրամյանը հավաստիացրեց, որ գաղտնիության պայմաններում ստեղծված չափորոշիչներից ոչ մի մանկավարժ և գիտական աշխատող տեղյակ չի եղել. «Գաղտնիության պայմաններում ստեղծվել են խմբեր, որոնք ընդունել են բացարձակապես անընդունելի չափորոշիչներ»:
Անընդունելի համարելով նաև ԿԳՄՍ-ի ուղարկած դպրոց հաճախելու կարգը՝ ուսմասվարն անդրադարձավ ուսուցիչների մասսայական թետավորման պահանջի դրույթին, առանց որոնց ուսուցիչները չեն կարող մտնել դպրոց և աշխատել:
Վերջինս գտնում է, որ այն մարդու առողջության և անձնական կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի խախտում է և պնդեց, որ ցանկացած մարդ իրավունք ունի չանել այն, ինչը համարում է վտանգավոր իր առողջության և կյանքի համար:
Նկատելով, որ ուսուցիչը կանցնի այդ թեստավորումը, որպեսզի չկորցնի իր աշխատավայրը, որը գնահատվում է գրոշներով՝ Վաղրամյանը շեշտեց, որ նույն տրամաբանությամբ պարտադիր պետք է թեստավորվեն երեխաները և նրանց ծնողները, որոնց հետ աշխատում են ուսուցիչները: