Մենուա Սողոմոնյանն առաջարկել է դադարեցնել ԵՊՀ ՀԽ երկու անդամների լիազորությունները
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանն առաջարկել է դադարեցնել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի և «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Մուրադյանի լիազորությունները: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ լրատվական բաժնից։
Մենուա Սողոմոնյանն իր ելույթում նշել է, որ հարցն օրակարգում ներառելու հարցն ունի իրավական հիմնավորումներ: Իր ելույթում նա մասնավորապես ասել է.
«Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների սույն խորհրդի կազմավորման և գործունեության մեջ կան իրավական բնույթի խնդրահարույց կողմեր, որոնք նույնիսկ կարող են կասկածի տակ դնել խորհրդի կողմից կայացվող որոշումների լեգիտիմությունը։ Ուստի անհրաժեշտ եմ համարում առաջնահերթ քննարկել ներկայացվող հարցը՝ այն ընդգրկելով օրակարգի մեջ՝ առաջարկված հարցերից առաջ։ Խորհրդի որոշ անդամների նշանակման ու գործունեության հետ կապված՝ առկա են ԵՊՀ կանոնադրության, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի դրույթների խախտումներ կամ սուբյեկտիվ ու խնդրահարույց մեկնաբանություններ։
Ըստ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների՝ նման խորհուրդների նույնիսկ մեկ անդամի նշանակման իրավական հիմքի խախտումն առ ոչինչ է դարձնում խորհրդի ցանկացած որոշում։
Պարոն Վահան Պապիկյանը Հոգաբարձուների խորհրդի անդամ է նշանակվել հիմնադրի կողմից՝ որպես պետական պաշտոնյա՝ զբաղեցնելով կառավարության գործերի կառավարչի պաշտոնը։ Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական: Օրենքի հաջորդ հոդվածները, ըստ այդմ, մանրամասն թվարկում են, թե որ պաշտոններն են համարվում համապատասխանաբար քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական (հոդվածներ՝ 5-րդ հոդվածի 1-ին մաս, 6-րդ հոդվածի 4-րդ մաս, 7-րդ հոդվածի 3-րդ մաս, 8-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Այդ պաշտոններից ոչ մեկի մեջ չի ընդգրկվում վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնը։ Այն կարող է համարվել պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձ («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը հստակ տարբերակում է այդ երկու խումբ պաշտոնները)։
Այսինքն՝ ոչ թե «Մետրիկա» ՍՊԸ-ն է հայտնի դարձրել Գևորգ Մուրադյանին, ինչի շնորհիվ նա հայտնվել է այս խորհրդում, այլ Գևորգ Մուրադյանի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում հայտնվելն է հայտնի դարձրել «Մետրիկա» ՍՊԸ-ն։ Ուստի սրանով բացահայտ խախտվում է ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետը։ Գևորգ Մուրադյանը, անդամակցելով նաև Հոգաբարձուների նախորդ խորհրդին, ոչ միայն չի պահպանել ֆիդուցիար պատասխանատվության իր շրջանակը, այլև ակնհայտ գործել է համալսարանի շահերի դեմ։ Ֆիդուցիար պատասխանատվությունն իրավաբանության մեջ գոյություն ունեցող սկզբունք է, որը սահմանում է, որ հաստատության, իրավաբանական անձի պաշտոնյան, խնամակալը (իսկ հիմնադրամի հոգաբարձուն այդ իսկ հիմնադրամի խնամակալն է) պետք է բացառապես իր խնամակալությանը հանձնված հաստատության շահերից բխող գործունեություն վարի և չառաջնորդվի որևէ այլ շահերով, դիրեկտիվներով կամ անձնական շահերով։
Գևորգ Մուրադյանը, որը 2018 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մարտը՝ մեկուկես տարի, եղել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը, հակառակ իր խոստման՝ «մեծ նպաստ բերել համալսարանին՝ այն բարեփոխումների ճանապարհով տանելու համար, ավելի ինտենսիվ անցկացնել հոգաբարձուների խորհրդի նիստերը, պարբերաբար հանդիպումներ ունենալ դասախոսների և ուսանողների հետ…», ոչ միայն չի կատարել համալսարանի զարգացմանն ուղղված որևէ նշանակալի կամ ոչ նշանակալի քայլ, ոչ միայն բավարարվել է համալսարանում բարձրաստիճան պաշտոնների իր մտերիմներին նշանակել տալով, այլև ակնհայտ գործել է համալսարանի շահերի դեմ՝ մասնավորապես, առանց հիմնավորելու, խախտելով ֆիդուցիար պատասխանատվության սահմանները, առանց համապատասխան հետազոտական հիմքերի, առաջնորդվելով բացառապես հրահանգով ու կատարելով քաղաքական պատվեր, որոշում է անցկացնել տվել փակել ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը՝ սրանով հակադրվելով ԵՊՀ գիտխորհրդի որոշման տրամաբանությանը և անտեսելով ուսանողության պահանջներն ու բողոքները։ Հոգաբարձուների խորհուրդը, համաձայն ԵՊՀ կանոնադրության և իր աշխատակարգի, իրավասու է դադարեցնել իր անդամի կամ անդամների լիազորությունները։
Այս դեպքում ֆիդուցիար պատասխանատվության շրջանակի և նշանակման հետ կապված դրույթի խախտումը լուրջ հիմք է մի մասով Վահան Պապիկյանի, երկու մասով՝ Գևորգ Մուրադյանի լիազորությունները դադարեցնելու համար։ Ուստի, ելնելով վերը նշված փաստարկներից, առաջարկում եմ օրակարգում ընդգրկել Վահան Պապիկյանի և Գևորգ Մուրադյանի՝ այս խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը»։
Գևորգ Մուրադյանն ի պատասխան ասել է, որ թերևս լավ չեն ծանոթացել իր կենսագրությանը և հիշեցրել, որ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Փաստել է, որ աշխատել է ԵՊՀ-ում՝ որպես գիտաշխատող, ավագ գիտաշխատող և դասախոս: Զբաղվել է քվանտային տեխնոլոգիաներով, գիտական գործունեություն է իրականացրել ԱՄՆ-ում, Իտալիայում և Գերմանիայում, իսկ Վահան Պապիկյանն ասել է, որ պատրաստ է հրաժարվել անդամակցությունից, եթե ներկայացված փաստարկներն ապացուցվեն: Հարցն օրակարգում ներառելու առաջարկությունը քննարկումների առիթ դարձավ:
Անդամներից ոմանք փաստել են, որ Գևորգ Մուրադյանը լավ դասախոս է, մեծ ներդրում ունի գիտության ոլորտում, ինչին ի պատասխան՝ Մենուա Սողոմոնյանը հիշեցրեց, որ չեն վիճարկվում Գևորգ Մուրադյանի անձը և գործունեությունը, այլ հարցը, թե ինչ հիմքով է նա ընտրվել ՀԽ անդամ. այն է՝ տնտեսության ոլորտի ներկայացուցիչ և համալսարանի գործատու: Քննարկման հիմք դարձավ նաև առաջարկությունն օրակարգում ներառելու քվեարկության ձևը. ՀԽ անդամներից մի մասը պնդել է, որ այն պետք է քվեարկել միանգամից, մյուս մասը՝ առանձին-առանձին:
Ի վերջո, առաջարկությունը քվեարկության է դրվել միանգամից և չի հաստատվել ՀԽ անդամների կողմից: Քիչ անց Մենուա Սողոմոնյանը լքել է նիստերի դահլիճը՝ նշելով, որ իր կողմից բարձրաձայնված հիմնավորումները կներկայացնի դատական ատյաններում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին