ՀԱԷԿ-ը վերանորոգումից հետո միացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին
Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) թիվ 2 էներգաբլոկի թիվ 3 և թիվ 4 տուրբագեներատորները պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2020) հետո դուրս են եկել հզորության էներգետիկ մակարդակ և միացել Հայաստանի միասնական էներգահամակարգին, հաղորդում է «Ռոսատոմ»-ի մամուլի ծառայությունը:
«Պլանային նախազգուշական վերանորոգման շրջանակում ավարտվել են աշխատանքներ ռեակտորային և տուրբինային արտադրամասերում, ինչպես նաև կենտրոնացված վերանորգոման արտադրամասում։ Իրականացվել է կառավարման համակարգերի քարշակների և ռեակտորի պաշտպանության գործիքային հետազոտությունը, ինչպես նաև մետաղի չքայքայող վերահսկման սարքերի ստուգումը։ Կատարած աշխատանքները թույլ են տվել էապես բարձրացնել էներգաբլոկի շահագործման անվտանգության և հուսալիության աստիճանը», - նշված է հաղորդագրությունում:
Հայկական ԱԷԿ-ի պլանային նախազգուշական վերանորոգումն ավարտվել է նախատեսված ժամկետից 12 օր շուտ, ընդգծում է «Ռոսատոմ»-ի մամուլի ծառայությունը:
ՀԱԷԿ-ը, հիշեցնենք, պլանային վերանորոգման էր կանգնած հուլիսի 1-ից, նախատեսվում էր, որ աշխատանքները կտևեն 65 օր:
ՀԱԷԿ-ի պլանային նախազգուշական աշխատանքների կատարման և սարքավորումների արդիականացման գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» մասնագիտացված ընկերությունն է, որը «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման մասն է։
«Արդեն հինգերորդ տարի Հայկական ԱԷԿ-ը համատեղում է պլանային նախազգուշական վերանորոգումը կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ, քանի որ միջոցառումների մեծ մասը տեխնոլոգիապես հասանելի է միայն կանգնեցված էներգաբլոկում։ ՊՆՎ ավարտից հետո Հայկական ԱԷԿ թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի աշխատանքները կշարունակվեն», - ասված է «Ռոսատոմի» տարածած հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին