Հայաստանի Ազգային գրադարանը նոր տնօրեն ունի
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանի անձնակազմին է ներկայացրել գրադարանի նորընտիր տնօրեն Աննա Չուլյանին, որն առավելագույն ձայներով հաղթող է ճանաչվել ԿԳՄՍ նախարարության կողմից տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում: Միջոցառմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը և նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը: Այս մասին հայտնում են Ազգային գրադարանից։
«Մինչև Տիկին Չուլյանին ներկայացնելը` կցանկանամ շնորհակալություն հայտնել Հրաչյա Սարիբեկյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Նա բավականին բարդ փուլում է ստանձնել գրադարանի ղեկավարի պարտականությունները, եւ ժառանգությունը, որ ստացել էր, նախանձելի չէր: Այն խնդիրները, որ դրված են եղել պարոն Սարիբեկյանի առջեւ, հիմնականում լուծվել են, եւ հիմա այդ աշխատանքը կշարունակի տիկին Չուլյանը՝ կրկնապատկելով ջանքերը, եւ Ազգային գրադարանը կծառայի հիմնական նպատակներին, որոնք ամրագրվել են գրադարանի ստեղծումից ի վեր»,- նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Շնորհավորելով նորընտիր տնօրենին՝ 2019 թվականի փետրվարից տնօրենի պաշտոնակատար նշանակված գրող, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանը շնորհակալություն է հայտնել գրադարանի աշխատակազմին համատեղ գործունեության ու լավ աշխատանքի համար:
«Ես առաջին անգամ չէ, որ այս շենքում եմ, բայց այսօր շատ պատվավոր առաքելությամբ եմ այստեղ: Պատիվ ունեմ ստանձնելու այս պաշտոնը: Հստակ գիտակցում եմ պատասխանատվության աստիճանը եւ աշխատանքի ծավալը, որ սպասում է ինձ, բայց ես չեմ վախենում, քանի որ աշխատելու եմ այսպիսի մեծ անձնակազմի հետ: Գրադարանում չեն աշխատում պատահական մարդիկ, գրադարանում աշխատում են նվիրյալներ: Ես եկել եմ կիսելու ձեզ հետ իմ տեսլականը, իմ գիտելիքը, փորձը եւ նաեւ վերցնելու ավանդականը, այն, ինչը ես չգիտեմ: Ինչքան էլ տեխնոլոգիաները զարգանան, մարդն է մնում գերագույն արժեքը: Ազգային գրադարանը մշակութային ոլորտում շատ լուրջ ռազմավարական կառույց է, եւ յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ իր ունեցած փոքրիկ ներդրումով, իր գործունեությամբ նպաստում է ազգային ժառանգության պահպանման եւ հանրահռչակման գործին: Ընդունեք ինձ ձեր մեծ ընտանիք: Կարծում եմ՝ փոխադարձ հարգանքի եւ սիրո մթնոլորտում կկարողանանք շատ առաջ գնալ: Շնորհակալություն պատկան մարմիններին ինձ վստահելու համար: Ծառայում եմ հայրենիքիս»,- ասել է գրադարանի նորընտիր տնօրեն, Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Չուլյանը: