Հայաստանի համար այս պահին նպատակահարմար չի համարվել արբանյակ ունենալ.ԲՏԱ նախարար
«Ունենալ մեկ ամբողջական արբանյակ՝ այս պահին Հայաստանի համար նպատակահարմար չի համարվել»,- հրավիրված ասուլիսում հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ Ադրբեջանն արդեն երկրորդն է ուղեծիր բարձրացնում:
Նախարարը նկատեց, որ մեկ արբանյակի համար շրջանառվող 100-150 մլն ԱՄՆ դոլարը մեկնարկային գներն են, որը կարող է շատ ավելի աճել: Ըստ նրա, պետք է տեսնել՝ դրանց հզորություններն իրացվելու են, թե ոչ:
Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ կան երկու տեսակի՝ կապ ապահովող և ավելի էժան արժեքով երկրի մակերևույթն ուսումնասիրող արբանյակներ:
«Մենք հիմա էլ արբանյակային ծառայություններ գնում ենք և որոշակի ուղղություններով մատուցում ենք»,- հայտարարեց նախարարը՝ տեղեկացնելով, որ գյուղական համայնքներում, որտեղ հեռուստաաշտարակների հզորությունները չեն բավարարում հեռուստաալիքների սփռման համար, «Հեռուստառադիոաշտարակների» ՓԲ ընկերությունը վարձակալում է արբանյակային կապի ալիքը և դրանով հեռարձակում է ապահովում երկրի ողջ տարածքում:
Նախարարի խոսքով, Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն իրավունք ունի ուղեծրում ունենալ արբանյակ, բայց այս պահին աշխատանքներ են տարվում տիեզերքում գտնվող այլ արբանյակների սպասարկումից օգտվելու ուղղությամբ: