ԲՏԱ նախարարության տարվա ձեռքբերումներից է Երևանի հեռուստաաշտարակի ներկումը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կիսամյակն ամփոփող մամուլի ասուլիսի մեկնարկին հավաստիացրեց, որ կորոնավիրուսի համավարակը չի խանգարել ոլորտի զարգացմանը և 2020-ին շոշափելի արդյունքներ կունենան: Համավարակը չի խոչընդոտել նաև ենթակառուցվածքների ձևավորմանը:
Այնուհետև նախարարն ընթերցեց 10 էջից բաղկացած հաշվետվությունը: Ըստ նրա, տուժել է միայն համաժողովների կազմակերպման գործընթացը, որ կշտկվի սահմանափակումները հանելուց հետո:
Հակոբ Արշակյանը հայտնեց, որ այս տարվա 8 ամիսների ընթացքում ոլորտի 134 նորաստեղծ ընկերությունների տրամադրվել է հարկային արտոնություններ և ևս 11-ը գտնվում են հավատարմագրման գործընթացներում:
Որպես կիսամյակային ձեռքբերում նախարարը հիշատակեց Հայաստանի 2020-25 թթ թվայնացման ռազմավարության ընդունումը, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մշակմանը նախարարության մասնացելը, ինչպես նաև Երևանի հեռուստաաշտարակի ներկումը: Նախատեսվում է կոռոզիայից մաքրել նաև Գյումրու հեռուստաաշտարակը:
Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունը 90 մլն դրամ էր տրամադրել Հայաստանի ինժեներական ասոցիացիային, որը կազմակերպել է թոքերի արհեստական շնչառության սարքերի արտադրություն ստեղծելու համար նախատեսված մրցույթը, որի ժամանակ հաղթել էր մեկ ընկերություն և նրան տրամադրվել էր 35 մլն դրամ կանխավճար: Նա տեղեկացրեց, որ նախարարությունը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ ժամանող քաղաքացիներին տրամադրել է բջջային հեռախոսներ և դրանք համակցել է պարետատանը:
Նախարարը հավաստիացրեց, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել մարդկային կապիտալի զարգացման ոլորտում, ինչն արձանագրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:
Հակոբ Արշակյանը նշեց, որ ՌԴ-ի հետ բանակցություններ են տարվում փոստային ծառայության ոլորտում լոգիստիկայի զարգացման համար: Նրա խոսքով, դրամական փոխանցումներին կներգրավվեն Հայաստանի 800 փոստային բաժամունք, իսկ Ռուսաստանում՝ 30 հազար սպասարկման կետեր:
Որպես տարվա ձեռքբերում Արշակյանը հիշատակեց նաև Հայոց մեծ եղեռնի 105-ամյակի միջոցառման նախապատրաստումն ու անցկացումը և ԱԺ-ի կողմից «Տիեզերական գործունեության մասին» օրենքի ընդունումը: