Երևանում փլուզված շենքի փլատակների տակ մնացած քաղաքացիները դուրս են բերվել
Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում մասնակի փլուզված շենքի փլատակների տակից, ըստ նախնական տվյալների, դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։
Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։
19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են։
Առավոտյան այցելել եմ դեպքի վայր և տեղում ծանոթացել իրավիճակին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են»։
Հիշեցնենք՝ ԱԻ նախարարությունից հայտնել էին, որ օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական խումբ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան