Աստված տա կարողանանք փլատակի տակ մնացած երրորդ մարդուն փրկել. նախարար
Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզված շենքի երկրորդ հարկի բնակիչը դեռ փլատակների տակ է։ Նա 56-ամյա տղամարդ է։
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախնական տվյալներով երեք տուժած կա, որոնցից երկուսն են տեղափոխվել հիվանդանոց։ Նախարարը հայտնեց նաև, որ վիրավորներից բացի, ևս 21 տուժած կա։
Նախարարի խոսքով, այս պահին շենքն ամբողջությամբ տարհանված է։
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ շենքի մյուս հատվածն էլ փլուզվի, նախարարն ասաց. «Սեյսմիկ ծառայությունից եկան ու ասացին, որ այս պահին փլուզման վտանգ չկա։ Սա պանելային շենք է, դրանք սեյսմակայուն շենքեր են։ Երկրաշարժի ժամանակ այդ պանելային շենքերը չփլուզվեցին։ Գյումրիում 9 հարկանի շենքեր չփլուզվեցին։ Մնացել է հիմնական աշխատանքը, որ կարողանան փլատակները մաքրել։ Տեսնենք՝ փլատակների տակից ինչ դուրս կգա։ Քանի որ աշխատանք է տարվում ու այդ աշխատանքի արդյունքում կարող է փոփոխություններ լինեն, այդ պատճառով մենք տարհանել ենք»։
ԱԻ նախարարը տեղեկացրեց նաև, որ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կազմակերպվել է բնակիչների ժամանակավոր կացարանի հարցը. «Քաղաքացիները կունենան մնալու տեղ։ Աստված տա մենք կարողանանք երրորդ մարդուն փրկել»։
Նա նշեց, որ իրենք կասկածներ ունեն՝ երկրորդ հարկից է եղել պայթյունը։ Այժմ քննություն է գնում։
Հարակից հրապարակումներ`
- Քննություն է գնում՝ Երևանում պայթյունի պատճառը պարզելու համար
- Երևանում պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով
- Երևանում պայթյունից տուժած քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
- Երևանում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն․ դեպքի վայրում են վարչապետն ու ԱԻ նախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան