Տավուշյան իրադարձություններից հետո Հայաստանի ռազմարդյունաբերության հանդեպ արտաքին հետաքրքրության աճ կա․ Հակոբ Արշակյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասուլիսում հայտնեց, որ Տավուշի սահմանային գործողություններից հետո հետաքրքրության որոշակի աճ կա Հայաստանի ռազմարդյունաբերության արտադրանքի հանդեպ: Նրա խոսքով, մինչ այդ էլ միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու արդյունքում նույնպես բարձրացել էր արտաքին շուկայի հետաքրքրությունը:
«Մենք պատրաստվում ենք Հայաստանի ռազմարդյունաբերության արտադրանքի ոլորտում թե´ ստանդարտների, թե´ որակի վերահսկողության տեսանկյունից ավելի ինստիտուցիոնալ որոշակի գործիքակազմ օգտագործել»,- հայտնեց նախարարը և շեշտեց, որ դրանից հետո էլ ավելի կակտիվացվեն արտաքին շուկաներ դուրս գալու մեխանիզմները:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հայտնեց, որ ռազմարդյունաբերության համալիրում գերակշիռ մեծամասնությունը ոչ թե պետական, այլ մասնավոր ընկերություններ են և գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքներ պատվիրելու ժամանակ պետությունն ընկերությունների աշխատակիցների աշխատավարձերը չի սահմանափակում, վերջիններս իրենց կոմերցիոն աշխատավարձերով են առաջնորդվում: Ըստ նրա, ռազմարդյունաբերական պետական գործարաններում նույնպես չեն գործում պետական աշխատողի կամ քաղծառայողի աշխատավարձերը, դրանք ՓԲԸ-ներ են և աշխատակիցների եկամուտներն ուղիղ կապ ունեն ընկերության արդյունավետ աշխատանքի հետ:
Նախարարն արդարացված համարելով ոլորտի ընկերություններին արտոնությունների տրամադրումը՝ նկատեց. «Գիտենք, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտից բացի չկա մի ավելի արդյունավետ ոլորտ, որտեղ կարելի է ծախսել և հետ ստանալ: Այս պահին մեր գնահատականներն այդպիսին է: Եթե կա նման ոլորտ, ուրեմն, հավանաբար, մեր ուշադրություններից վրիպել է»:
Հակոբ Արշակյանի խոսքով, 2019 թվականին Հայաստանի ՀՆԱ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնաբաժինը 2.14 տոկոս է կազմել, իսկ այս տարվա առաջին կիսամյակի թվերով արդեն իսկ հատել է 3 տոկոսի շեմը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան