Ինչպե՞ս են աշխատելու ռիսկային խմբում գտնվող ուսուցիչները
«Դպրոցներն ամեն օր ախտահանվելու են, երկհերթ ուսուցման դեպքում՝ երկու անգամ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով, թե համավարակի պայմաններում ինչպես են գործելու հանրակրթական դպրոցները։
Ի դեպ, ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով, դպրոցները միայն այն դեպքում կանցնեն երկհերթ ուսուցման համակարգին, եթե ունենան ֆինանսական միջոցներ, ինչը նշանակում է, որ ուսուցիչները հավելյալ աշխատելու համար պետք է ապահովվեն համապատասխան վարձատրությամբ։
Նա նշեց նաև, որ հստակ սահմանված է դասասենյակներն օդափոխելու և ախտահանելու կարգը։
Ինչ վերաբերում է դիմակների պարտադիր կրմանը, ապա Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ այս պահին ընդհանուր կարգավորում է գործում՝ փակ տարածքներում դիմակների կրման վերաբերյալ։ Այսինքն՝ այս դեպքում դպրոցում չի կիրառվում հավելյալ կարգավորում։
«Առողջապահության նախարարության մեր գործընկերները որոշակի կարգավորումներ են նախատեսել դպրոցներում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հայտնաբերման և դրա պարագայում գործելու կանոնների մասին։ Մասնավորապես, նախատեսված է, որ եթե դպրոցում դեպքերը լինեն 10% և ավելի, ապա որոշ ժամանակով այդ դպրոցները չեն գործի։ Իսկ այլ դեպքերում կլինեն առանձին մոտեցումներ»,- ասաց նա։
ԿԳՄՍ փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ դպրոցի աշխատակազմը թեստավորվելու է, սակայն մանրամասները պետք է Առողջապահության նախարարությունը ներկայացնի։
Նրա խոսքով, այն երեխաների դեպքում, որոնք ունեն քրոնիկ խնդիրներ և որոնց այս պայմաններում հակացուցված է առկա ուսուցմամբ դպրոց հաճախելը, կմասնակցեն հեռավար դասերի։ Դրա համար ծնողը պետք է դիմում ներկայացնի՝ երեխայի հեռավար ուսուցման անցնելու անհրաժեշտության մասին։ Դիմումին կից պետք է ներկայացվի բժշկի ցուցումը՝ հեռավար դաս անցնելու համար։
«Հեռավար ուսուցումը կազմակերպվելու է կենտրոնացված համակարգով, ինչը նշանակում է, որ մենք այս բեռը չենք թողնելու առանձին դպրոցների և ուսուցիչների ուսերին։ Սակայն գնահատման իրավասությունը թողնելու ենք դպրոցներին։ Ռիսկային խմբում գտնվող ուսուցիչները կունենան ընտրության հնարավորություններ, մասնավորապես՝ նրանց առաջարկվել է դպրոց հաճախել հատուկ պաշտպանիչ միջոցներով, որոնք կտրամադրի պետությունը, կամ դասերը հեռավար կազմակերպել, եթե դպրոցը կկարողանա ապահովել այդ պայմանները։ Երրորդ տարբերակն այն է, որ այս ուսուցիչները կարող են ընտրել ուղղակի աշխատանքի չներկայանալը, որի դեպքում, «Աշխատանքային օրենսգրքով» սահմանված կարգով՝ կներգրավվեն փոխարինող ուսուցիչներ։
Իհարկե, մենք ունենք նախնական տեղեկատվություն այս ուսուցիչների թվի և նրանց փոխարինման հնարավորությունների մասին և, կարծում ենք, որ այս գործընթացը ևս կկարողանանք կազմակերպել»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։
Հարակից հրապարակումներ`
- 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կբաժանվեն խմբերի, յուրաքանչյուրը 3 օր կհաճախի դպրոց. փոխնախարար
- Երկհերթ դասապրոցես, վեցօրյա ռեժիմ, բայց ուսուցիչների աշխատավարձերի ավելացումից ձայն-ձուն չկա
- Դպրոցներն ու ծնողները անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչպե՞ս և ի՞նչ ցուցումներով պետք է սկսվի դասապրոցեսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան