Ծանրամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը հայտավորել է երեք ծանրորդ
Ինչպես հայտնի է, օգոստոսի 28-30-ը, տեղի է ունենալու ծանրամարտի միջազգային հեռավար մրցաշար։ Այն նվիրված է Ուզբեկստանի հանրապետության անկախության տոնին։ Այդ անունն է կրում նաև խաղարկվող գավաթը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Միջոցառման նկատմամբ հետաքրքրությունը փոքր չէ։ Արդեն 40 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, հայտ է ներկայացրել։ Մրցանակները կխաղարկվեն հինգ քաշային կարգերում։
Կազմկոմիտեն և ծանրամարտի միջազգային ֆեդերացիան համատեղ քննարկել են մրցաշարին առնչվող բազում հարցեր։
Բոլոր մրցավայրերում պայմանները պետք է համապատասխանեն պահանջներին։ Իսկ կազմակերպիչ երկրում / Ուզբեկստանում / տեղադրվել են լրացուցիչ սարքավորումներ և արագընթաց Wi-Fi ցանցեր։
Եթե գրանցվեն համաշխարհային բարձրագույն նվաճումներ, ապա ռեկորդակիրը տեղում կենթարկվի դոպինգ քննության: «Մաքուր» լինելու պարագայում, նոր նվաճումը պաշտոնական գրանցում կստանա։
Կազմակերպիչ երկրի տարածքում կլինի ուղիղ եթերի հեռարձակում։ Հաղթողները կորոշվեն միայն երկամարտի արդյունքով։ Էկրանին կցուցադրվեն մրցանակակիրների լուսանկարները՝ մեդալների պատկերներով և կհնչի հաղթող մարզիկի երկրի պետական օրհներգը։
Առաջին եռյակում տեղ գտնող ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 և 750 ԱՄՆ դոլար։
Հավելենք, որ Հայաստանը հայտավորել է երեք ծանրորդ․ Անդրանիկ Կարապետյան / 87 կգ /, Սամվել Գասպարյան / 102 կգ /, գերծանրքաշային Վարազդատ Լալայան։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները