Պարսյան. Մենք ոչ թե պատրաստվեցինք ճգնաժամին, այլ սպասեցինք
«Մենք պետք է վերանայենք տնտեսական մոդելը, նոր մոտեցումներ, հայեցակարգեր ի հայտ բերենք։ Կառավարությունում նստած ֆինանսիստները, որոնք նախկին կառավարությունից են եկել, ճգնաժամի ժամանակ նոր հետաքրքիր մոտեցումներ չեն առաջարկել»,- «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախաձեռնած «Պետության սոցիալական քաղաքականությունը համավարակի ժամանակ. արդյոք այն բխում է քաղաքացիների շահերից» խորագրով քննարկմանն ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նա նշեց, որ կառավարությունն այս տնտեսական թիմով, տնտեսական, սոցիալական քաղաքականությամբ չի կարողանալու հաղթահարել այս ճգնաժամը։ Ըստ նրա, Հայաստանը պատրաստ չէր նման ճգնաժամի ոչ տնտեսական, ոչ առողջապահական առումով. «Մենք ոչ թե պատրաստվեցինք ճգնաժամին, այլ սպասեցինք, թեև տարածաշրջանից դուրս, տարածաշրջանում, խոսում էին այդ մասին, քայլեր էին անում։ Մեր տնտեսությունը, պետական համակարգը չպատրաստվեց դրան, այլ սպասեց: Սխալ ուղղությամբ գնացինք, ռեսուրսները սխալ ծախսեցինք ի սկզբանե, գումարները շատ հապշտապ ձևով տարբեր ուղղություններով հատկացվեին։ Այս պահի դրությամբ մոտ 150 միլիարդ դրամ գումաները փոշիացվել են այս ծրագրերի միջոցով։ Չեմ ասում յուրացվել, այլ փոշիացվել, երբ գումաները կարելի էր արդյունավետ ծախսել, կյանքեր փրկել»։
«Կառավարությանը թվում էր, թե այս տարի ավարտվելու է ճգնաժամն ու խնդիր չենք ունենալու։ 1993-94-ին, 2009 թվականին ունեցել ենք ճգնաժամեր, տնտեսության վերականգնումը հասարակության համար տվել է 3-4 տարի։ Երբ որ խոսում են մեկ տարվա մասին, ասեմ, որ նրանք բավականին լավատես են կամ ցանկանում են մոլորեցնել հասարակությանը։ Կառավարության ամենահիմնական թերացումներից է, որ սխալ ազդակներ է փոխանցում ազգաբնակչությանը»,- նշեց տնտեսագետը։
Նա ընդգծեց, որ խնդիրները շատ են, ամենամեծ խնդիրը կառավարման արդյունավետությունն է, որը բավականին վատ վիճակում է։
«Նոր մոտեցումները, նոր թիմը կարող է այս խնդիրները լուծել։ Համազգային հարց է, սրանից տուժում են բոլորը, անկախ՝ իշխանության, ընդդիմության դաշտում ես։ Կառավարությունը պետք է նստի նոր քննարկումների, կառուցակարգեր մշակի»,- ասաց Սուրեն Պարսյանը։
Նա նշեց, որ Հայաստանն այժմ ֆինանսատնտեսական խորը ճգնաժամի մեջ է գտնվում, 7 ամսվա կտրվածքով տնտեսական ակտիվությունը կազմում է -6, 7 տոկոս, այսինքն այդքան անկում կա։ Սուրեն Պարսյանի խոսքով, սա մտահոգիչ ցուցանիշ է, առավել վնաս է կրում միջին, աղքատ խավը, փոքր ու միջին բիզնեսը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին