Մեր տները Կառավարության կարիքների համար քանդեցին, 15 տարի վարկ ու պարտքի մեջ ենք. Եկմալյանի բնակիչ
«Լուծե՛ք Եկմալյան 4-16 բնակիչների հարցը»,-Կառավարության շենքի դիմաց իր բողոքի ձայնը բարձրացրեց Երևանի Եկմալյան փողոցի բնակիչներից մեկը՝ նշելով, որ 15 տարի առաջ իրենց բնակարանները քանդել են, սակայն մինչ օրս Կառավարությունը նրանց բնակարաններով չի ապահովել։
Նրանք տեղեկացրին, որ դեռ ամիսներ առաջ Կառավարությունից իրենց խոստացել են ընդունել, սակայն անընդհատ հանդիպման օրերը փոխվել են և ոչ մի դրական տեղաշարժ չի արձանագրվել։
«Մեր գործով զբաղվում է Սուրեն Ղամբարյանը, Կառավարությունն էլ նրան հանձնարարել է, որ գործն առաջ տանի։ Սուրեն Ղամբարյանը մեզ խաբեց, ասաց չորեքշաբթի օրը կգաք և ես ձեզ կասեմ՝ գործն ինչ փուլում է։ Հետո նա ասաց, որ գործն ուղարկվել է իրավաբանական վարչություն։ Իսկ ես զանգեցի, ասացին, որ որևէ պատասխան չկա, դեռ մեր գործը պիտի քննեն։ Դե եթե ոչ մի պատասխան չկա, էլի պիտի գանք բողոքելու։ Արդեն 14 տարի է՝ մենք ոչնչի չենք հասնում, Կառավարությունում օրական մեկին նշանակում են, որ մեր գործով զբաղվի»,- ասաց բնակիչներից մեկը։
Նա նեղստած նշեց, որ ամեն անգամ փափուկ բարձ են դնում իրենց գլխների տակ և ասում՝ գնացեք, մի օր կլուծվի այդ խնդիրը։
Նույն շենքի մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ 2006-07 թվականներին իրենք գրություն են ստացել, որ պետության կարիքների համար քանդվում են իրենց տները։
«Մենք վստահելով պայմանագրեր կնքեցինք, ազատեցինք մեր բնակարանները, որոնցից շատերը քանդեցին, շատերը կիսավեր ու խարխուլ վիճակում են։ Դրանցի հետո 14 տարի է՝ մենք առանց տուն ենք մնացել։ Թեև պայմանագրով նշված էր, որ 2.5 տարի հետո մեզ պետք է բնակարաններով ապահովեն՝ մեր քանդված տների տարածքում կռուցվելիք շենքում։ Իսկ եթե չհասցնեին այդ բնակարաններով ապահովել, պետք է մեզ տոկոսներ տային։ Բայց ընդհանրապես ոչ կառուցվեց շենքը, ոչ՝ մեզ փոխհատուցեցին։ Դրանից հետո կառավարություն փոխվեց։ Ուզում եմ, որ ժողովուրդն էլ հասկանա, մենք բնակարան չենք խնդրում, մեր տները Կառավարության կարիքների համար քանդեցին։ Բայց ցավալի է, որ ամեն մարդ իր տանը նստած կոմենտարիա է գրում՝ չհասկանալով, որ էս ժողովուրդը 15 տարի անտուն է մնացել։ Ոչ փոխհատուցում են տալիս, ոչ՝ տան վարձ։ Ամեն դեպքում էս Կառավարությունը նախորդի իրավահաջորդն է»,- ասաց նա։
Բնակիչը ևս մեկ անգամ հստակեցրեց՝ իրենք եկել են և խնդրում են՝ վերադարձնել իրենց բնակարանները և ապահովել իրենց տունը կորցրած քաղաքացիներին. «Մենք ի վիճակի չենք երկար սպասելու։ Բնակիչներից շատերն արդեն մահացել են, մենք էլ՝ պարտք ու վարկի մեջ ենք։ Մոտ 27 ընտանիք սպասում է իր բնակարանին։ Իմ հաշվարկներով մենք մոտ 36,000 դոլար տան վարձ են տվել այս տարիներին։ Եթե հիմա մեզ փոխհատուցեն, անգամ պարտքերը չենք կարողանալու տալ։ Օր օրի ավելանում են այդ պարտքերը։ Հիմա խնդրում ենք, թող մեր հարցով մի մարդ զբաղվի, որ գոնե իմանանք՝ ի՞նչ են մտածում այդ հարցի մասին»։