Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է հարյուր միլիարդ դոլարը
«Tesla»-ի և «SpaceX»-ի հիմնադիր Իլոն Մասկի ունեցվածքն ավելացել է ավելի քան 3,5 անգամ և գերազանցել է 100 միլիարդ դոլարը, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ ներկայացնելով «Բլումբերիգի» հրապարակած միլիարդատերերի ինդեքսը։
Օգոստոսի 27-ի դրությամբ Մասկի ունեցվածքը գնահատվում է 101 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ, տարեսկզբին, ըստ «Բլումբերգի», այն կազմում էր շուրջ 27,4 միլիարդ: Այսպիսով, տարեսկզբից միլիարդատիրոջ ունեցվածքն աճել է 73,6 միլիարդ դոլարով՝ 3,7 անգամ:
Դա կապված է «Tesla»-ի բաժնետոմսերի գների բարձրացման հետ: Օգոստոսի 20-ին պատմության մեջ առաջին անգամ «Tesla»-ի բաժնետոմսերի գները գերազանցել են 2000 դոլարը: Հունվարին ընկերության բաժնետոմսերը գնահատվել են 430.26 դոլար: Այսպիսով, տարեսկզբից ի վեր «Tesla»-ի կապիտալիզացիան աճել է 4,7 անգամ:
Միևնույն ժամանակ, Մասկը դեռևս չորրորդ տեղում է «Բլումբերգի» վարկանշային ցուցակում: Առաջին տեղում մնում է «Amazon»- ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 202 միլիարդ դոլար արժողությամբ ունեցվածքով, երկրորդում` «Microsoft»- ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որի կապիտալը գնահատվում է 124 միլիարդ դոլար: Երրորդ տեղը զբաղեցնում է «Ֆեյսբուք»- ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 115 միլիարդ դոլար։