Եթե Արայիկ Հարությունյանն այդքանը չի հասկանում՝ չհասկացողների համար Հայաստանում երեք դպրոց կա. Սերժ Սրապիոնյան
«Ես երկու թոռներ ունեմ, որոնք սովորում են միջին դպրոցում։ Իմ թոռներն այս տարի դպրոց չեն գնալու, ես իմ թոռներից կապիկ չեմ կերտելու, ես նրանցից կերտելու եմ հայրենասեր մարդ»,-ԿԳՍՄ-ի դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտնեց ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դասախոս Սերժ Սրապիոնյանը՝ քննադատելով ոլորտում իրականացվող ռեֆորմները:
Նրա խոսքով, եթե այդ ռեֆորմները իր համար է պատրաստվել, ապա նախարարը պետք դուրս գա և խոսի իր հետ, որովհետև ինքն Արայիկ Հարությունյանի անցած ճանապարհից քառակի ավելն է անցել։
«Եթե Արայիկ Հարությունյանն այդքանը չի հասկանում, ես հայտարարում եմ՝ չհասկացողների համար Հայաստանում երեք դպրոց կա, կարելի է գնալ այնտեղ վերապատրաստվելու»,-ասաց Սրապիոնյանը։
Ըստ դասախոսի, ոչ ոք Արայիկ Հարությունյանից ավելի լավ չի պատկերացնում, թե դպրոցական գրեթե 100-ամյա անընդհատ կատարելագործվող, բացթողումներ ունեցող, երբեմն կատարելության հասնող այս համակարգը ինչպես կարելի է քանդել և նախարարը այդ տեխնոլոգիան իմանալով, սուսուփուս քանդում է՝ առանց ավելորդ աղմուկի։
Սրապիոնյանն ասաց, որ ԿԳՄՍ նախարարը երբեք հրաժարական չի տա, քանի որ չի լսում ժողովրդին։
ԵՊՀ դասախոսը հիշեց, որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե 10 000 մարդ էլ հավաքվի Արայիկ Հարությունյանը մնալու է:
«Եթե պետության գերագույն ղեկավարը երկրի 10 000 ժողովրդին համարում է առոչինչ, ուրեմն այդ 10 000-ը այդ մի հոգուն առոչինչ համարելու իրավունք ունենն»,- հայտարարեց Սերժ Սրապիոնյանը:
«Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը հայտնեց, որ բողոքի ակցիան ընդամենը գործընթացների սկիզբն է և թվարկեց 50-ից ավել կազմակերպություններին և անհատներին, որոնք միացել են ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին: Դրանց թվում են Արցախյան ազատամարտի վետերանները՝ «Սև հովազ» ազատամարտիկների միավորումը, Ջերմուկի Համոյի ջոկատը, «Հայ» կուսակցությունը. «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնությունը, մտավորականենրը, բռնցկամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, ԲՈՒՀ-երից բարձր բալերով դուրս մնացած դիմորդների «Պահանջատեր դիմորդ» շարժումը և այլ քաղաքացիներ:
Ցույցին բերել էին նաև հայտնի աղբամանը, որի մեջ Նախարար Արայիկ Հարությունյանի պատկերով մակետն էր:
Իր ելույթում Վահագն Չախալյանը հայտնեց, որ պայքարելու են մինչև Արայիկ Հարությունյանը և իր ծրագիրը հեռացվեն: Նրա խոսքով, մի խումբ մարդիկ պատանդ են վերցրել պետական համակարգը, ուզում են գողանալ իրենց երխաների ապագան: Նրա խոսքով, Արայիկ Հարությունյանը ցանկանում է թքել սեփական ժողովրդի կամքի վրա, հետևաբար՝ նա արդեն գոյություն չունի և պատմությունում մնալու է որպես աղբամանում հայտնված նախարար:
Չախալյանը հայտարարեց, որ շատերն են միանալու հրաժարակի պահանջին, այդ թվում նաև ոստիկանները, քանի որ նրանք ծառայում են իրենց հայրենիքին:
«Արայիկը մերը չէ, մեր ժողովրդինը չէ, հայինը չէ, պատկանում է օտար արժեհամակարգին, հետևաբար պետք է հեռանա»,- հայտարարեց Չախալյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին ժամը 17:00-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց, իսկ մինչ այդ նախարարի մակետով աղբամանը շրջելու մարզերով: Ցուցարարները քայլերթ կազմակերպեցին դեպի կառավարության շենք և ԱԺ: