«Հրապարակ». ԲՀԿ-ում ամեն շաբաթ պիկնիկներ են կազմակերպվում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԲՀԿ-ում թեժ աշնանը նախապատրաստվելուն զուգընթաց, ամեն շաբաթ պիկնիկներ են կազմակերպվում, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ շաբաթը մի մարզ են այցելում և հյուրընկալվում այդ մարզից ընտրված ԲՀԿ-ական պատգամավորներին։ Թեև որոշ պատգամավորներ մեզ վստահեցրին, որ դրանք ապաքաղաքական պիկնիկներ են՝ քաղաքական հարցեր չեն քննարկում։ «Մանավանդ որ ամեն քայլափոխի ԱԱԾ-ն մեզ հետևում է»,- ասաց նրանցից մեկը։
Սակայն նպատակը քաղաքական է, և գաղափարի հեղինակն էլ Գագիկ Ծառուկյանն է, ով որոշել է ընդլայնել շփումները, տարբեր ֆորմատներով հանդիպել ոչ միայն ազգաբնակչության, այլև իր կուսակիցների հետ, որ իշխանությանը չհաջողվի Սերգեյ Բագրատյանից հետո ուրիշներին էլ «պոկել» ԲՀԿ-ից, հատկապես որ քրեական գործերի քննությունն ու հարուցումը շարունակվում են։
Օրերս էլ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի դեմ է գործ հարուցվել։ Այս շաբաթ ԲՀԿ-ն՝ Ծառուկյանի գլխավորությամբ, այցելելու է Շիրակ՝ հյուրընկալվելու են Վարդան Ղուկասյանին և Վարդևան Գրիգորյանին։ Եկող շաբաթ կլինեն Արմավիրում, իսկ անցած շաբաթ եղել են Գեղարքունիքում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում