Երբ թերանում է երեխաների հետ աշխատանք տանող սոցիալական աշխատողը, պաշտպանող ոստիկանը
«Երեխայի իրավունքի պաշտպանությունը սկսվում է այն պահից, երբ մենք ճանաչում ենք երեխայի իրավասուբյեկտայնությունը։ Իսկ մեր հասարակությունում ընդունվա՞ծ է երեխային դիտարկել որպես իրավունքի սուբյեկտ»,- այսօր «Խաշթառակի երեխայի մահը՝ ահազանգ պետությանը. հե՜յ, ո՞վ կա այստեղ» թեմայով քննարկման ընթացքում ասաց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, հայ հասարակությունը թե՛ լավ առումով, թե՛ վատ առումով երեխայի ողջ պատասխանատվությունը դնում է ընտանիքի վրա։
«Նույնիսկ դպրոցում մենք չենք խրախուսում, որ երեխաներն ինքնուրույն լինեն, արտահայտեն իրենց կամքը կամ կատարեն վերլուծություններ։ Մենք չենք խրախուսում երեխայի ինքնուրույնությունը։ Մեզ մոտ առկա է ընկալում, որ երեխան ծնողի սեփականությունն է, բայց հասարակությունը պետք է հաղթահարի մոտեցումը, որ երեխա ծնողի սեփականությունն է։ Թեև անգամ այդ դեպքում խնդիր կա, որ եթե երեխան ծնողի սեփականությունը չէ, ապա հասարակության ինչ-որ շերտի սեփականությունն է։ Այստեղ մեծ խնդիր կա, որը պետք է լուծվի կրթական և տեղեկատվական համակարգի միջոցով»,- նշեց նա։
Անդրադառնալով մոր և պապի կողմից սպանված խաշթառակցի երեխայի դեպքին, իրավապաշտպանն ասաց, որ նոր է խոսվում, թե ով պետք է զբաղվեր այդ ընտանիքով, որ կենտրոնը, որ մարմինը։ Բայց, ըստ իրավապաշտպանի, քանի-քանի ընտանիքներ կան, որտեղ նույնատիպ բռնություններ են գործադրվում երեխաների նկատմամբ։
«Մենք չգիտենք՝ քանի դեպք կա, երբ երեխան խոցելի է, խնդրի հետ մնացել է մենակ։ Նա չի կարողանում հասկանալ, կիսել իր խնդիրները։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք տեղեկատվական արշավներ կազմակերպենք։
Երեխան քաղաքացի է, որի հովանավորը պետությունն է, նրա բոլոր իրավունքները պետք է պաշտպանվեն տանը, դպրոցում..., ամենուր։ Երեխան պետք է իրացնի իր ապահով կյանքի և բռնությունից զերծ ապրելու իրավունքը, իր լավ կրթության իրավունքը, նա պետք է պաշտպանված լինի։ Այս առանցքը եթե կարողանանք մտցնել հասարակության մեջ, կարծում եմ, լուրջ փոփոխություն կկարողանանք գրանցել։ Այս դեպքում ավելի արագ արդյունք կլինի, քան այն դեպքում, երբ առանձին ընտանիքների հետ աշխատենք»,- շեշտեց Զառա Հովհաննիսյանը։
Նա նաև նշեց, որ դեռ ամեն օր մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ թերանում է երեխաների հետ աշխատանք տանող սոցիալական աշխատողը, թերանում է նրան պաշտպանող ոստիկանը, միգուցե այնքան խիստ միջամտություն չանելով բռնությունը կանխարգելելու տեսանկյունից. «Տեսնում ենք, թե ինչ ցածր որակի քննություն է տարվում ընտանեկան բռնության դեպքերի առումով»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը նշեց, որ լուրջ կառուցողական փոփոխությունների արդյունքում պետք է հասնել նրան, որ համայնքնային մակարդակում երեխաների իրավունքները լինեն պաշտպանված։
«Այսօր մենք նախաձեռնել ենք այս օրենսդրական փոփոխությունները՝ եռաստիճան համակարգի վերանայում և խնամակալության, հոգաբարձության մարմինների դերի բարձրացում, որպեսզի լուծենք երեխաների իրավունքների պաշտպանվածության հարցը»,- ասաց նա։
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը տեղեկացրեց, որ 2019 թվականի առաջին կիսամյակում ընտանիքում բռնության դեպքերով քրեական գործերի արդյունքում տուժած ճանաչված երեխաների թիվը 49 էր։
«Իսկ ահա 2020 թվականի առաջին կիսամյակում այդ թիվը 60 է։ Ինչը նշանակում է, որ ինքնամեկուսացման պայմաններում ծնողները, գտնվելով տարբեր սոցիալական, հոգեբանական պրոբլեմների կիզակետում, երեխաների նկատմամբ դրսևորում են այդ բացասական երևույթները»,- մեկնաբանեց Թումասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Խաշթառակում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան մահացել է
- Խաշթառակում երեխաներին ծեծի ենթարկելու դեպքով խորհրդակցություն՝ Տավուշում