Դիմակների ոչ պատշաճ կրելու հետ կապված խնդիրներ
Այսօր Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացրել են հերթական վերահսկողական գործառույթները՝ հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության նկատմամբ։ Կառավարությունից հայտնում են, որ վաղ առավոտից Արցախի փողոցի, Բաղրամյան և Մաշտոցի պողոտաների ողջ երկայնքով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։
Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին արձանագրվել է գերբեռնված փոխադրման դեպքեր։
Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։
Տեսչական մարմնի մասնագետները շարունակել են իրականացնել նաև լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, որոշ թերությունների մասով տվել շտկման ցուցումներ։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի նկատմամբ վերահսկողական աշխատանքները կատարում է ամենայն պատասխանատվությամբ, և դիտարկումները փաստում են, որ էականորեն նվազում են սննդի ոլորտում տնտեսավարողների մոտ նախկինում գրանցված թերացումները: Մայրաքաղաք Երևանի սննդի շղթայի կազմակերպությունների մշտադիտարկումների ժամանակ խնդիրներ չեն հայտնաբերվել. ստուգայցերի թիրախում են եղել Կենտրոն վարչական շրջանի ռեստորաններն ու սրճարանները:
Մարզերից երեքի հանրային սննդի և իրացման ցանցի օբյեկտներից մի քանիսում, սակայն, խախտումներ արձանագրվել են. հիմնականում խախտված են եղել ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները. տնտեսավարողները վստահեցնում են, որ ախտահանումն արվում է ըստ պատշաճի, սակայն գրանցամատյանների լրացման հարցում անփույթ են: Արձանագրվել են նաև ախտահանիչ լուծույթների կիրառման, ինչպես նաև դիմակների ոչ պատշաճ կրելու հետ կապված և մի շարք այլ խնդիրներ։
ՍԱՏՄ մարզային տեսուչների կողմից արձանագրված խախտումների հիմքով կասեցման միջնորդությունները կուղարկվեն պարետատուն։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մշտադիտարկում իրականացնող խումբը կրկնայցեր է կատարել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: Էական խախտումներ չեն արձանագրվել: Տեսչական մարմնի աշխատակիցները բենզինի ու գազի լցակայաններում, ինչպես նաև շինանյութի առևտրի կետերում տնտեսավարողներին ցուցումներ են տվել՝ գործունեության տարածքում գտնվող վճարման տերմինալների հարևանությամբ փակ աղբամաններ, անձեռոցիկներ և ախտահանիչներ տեղադրելու վերաբերյալ:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող հերթական մշտադիտարկումն անցկացրել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի կանաչ գոտիներում, պատմամշակութային կոթողների հարակից տարածքներում։
Լայնածավալ դիտարկումների ընթացքում հայտնաբերված խախտումների բնույթը նույնն է. չի պահպանվել անձանց միջև սոցիալական հեռավորություն, գրանցվել են դիմակը ոչ ճիշտ կրելու, նաև չկրելու դեպքեր։ Տեսուչները տեղում տվել են ցուցումներ, ոստիկանները կազմել դիմակ չկրելու վերաբերյալ արձանագրություններ։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը մայրաքաղաքի վարչական շրջաններում և մարզերում շարունակել են պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը։ ԱԱՏՄ-ն այսօր ստուգայց է կատարել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Էական խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ ամբողջ տարածքում մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն ընթացել են նաև բժշկական կազմակերպություններում, ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, գեղեցկության սրահներում, գրասենյակներում և մանրամեծածախ առևտրի կետերում։
Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:
Տնտեսավարողներին տրամադրվել են խախտումների վերացման ցուցումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները