Ապրիլյան և աշխարհազոր՝ պատասխանում է պաշտպանության նախարարը
«Դուք ինձնից քաղաքական գնահատական եք ուզո՞ւմ։ Չեք ուզում ... Ապրիլյան գործողություններն ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե Ապրիլյան պատերազմում հայկական կողմը հաղթե՞լ է։
Դիտարկմանը, թե սա բավարար է պնդելու, որ մենք չե՞նք հաղթել, նախարարն ասաց. «Ես չեմ պնդողը, ոչ էլ պնդում եմ, որ հաղթել ենք։
Որպես պաշտպանության նախարար՝ ես հաղթելու կողմնակիցն եմ, ոչ արձանագրելու, ոչ... Թողեք մենք մեր գործով զբաղվենք»։
Նա նշեց, որ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը մեծ աշխատանք է կատարել, պետք է սպասել, մինչև կհրապարակվի զեկույցը։
Հարցին՝ էական տարբերություն կլինի՞ Ապրիլյանից հետո ՊՆ կատարած ուսումնասիրությունից ու պատրաստած փաստաթղթից, Դավիթ Տոնոյանն ասաց, «Շատ մանրամասն է եղել այդ վերլուծությունը, շատ հարցերի պատասխաններ տվել է։ Ընդ որում՝ եղել է մեծ ինքնաքննադատություն։ Կարծում եմ, որ շատ տարբերություն չի լինելու։ Ուղղակի մեր ինքնաքննադատությունը կարող է որոշակի հրապարակային դառնալ, որոշակի՝ ոչ»։
Ինչ վերաբերում է կորցրած դիրքերին և արդյո՞ք ռազմավարական նշանակություն ունին, պաշտպանության նախարարն ասաց, որ դիրքերը լուծում են մարտավարական խնդիր, որովհետև այդ դիրքերը մեկ վաշտի, մեկ դասակի դիրքեր են։
Ինչ վերաբերում է աշխարհազոր ստեղծելուն, Դավիթ Տոնոյանն ասաց, որ դրա ստեղծումն ուղղակի հասարակության պատրաստությունն է արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին, ռազմական բնույթի սպառնալիքներին։
Հարցին՝ կարծիքներ են հնչում արդյո՞ք մեր բանակը բավարար չէ, որ պետք է աշխարհազոր ստեղծենք, դրա նպատակը ո՞րն է լինելու, նա պատասպանեց, որ պետք է ուշադրություն դարձնել հարևանի հայտարարություններին, անվտանգության պատճառով Հայաստանի շուրջ ձևավորված սպառնալիքներին, ռիսկերին. «Կարծում եմ՝ մեր ռեսուրսները միայն ակտիվ բանակի, գործող Զինված ուժերի, իհարկե, կարող են բավարար չլինել»։
Նախարարը այսօր սահմանին տիրող իրավիճակը ձևակերպեց այսպես. «Կայուն, կանխատեսելի»։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին
- Պաշտպանության նախարարությունն առաջարկում է Հայաստանում աշխարհազոր ստեղծել
- Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է Սերժ Սարգսյանի ասուլիսից «անչափ կարևոր դրվագ»
- Սերժ Սարգսյանը պատասխանում է լրագրողների հարցերին՝ 80-ականների զենք, «HARDtalk», ՀՀ այլընտրանքային քայլեր
- Ինչու մինչ այս Սերժ Սարգսյանը համապարփակ ու հանրայնորեն չի անդրադարձել Ապրիլյանի թեմայով շահարկումներին
- Սերժ Սարգսյանն ասուլիսը սկսեց Ապրիլյանի բոլոր մասնակիցներին հարգանքի տուրք մատուցելով