ԵՄ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառի Միջերկրական ծովում ապօրինի հորատման համար
ԵՄ-ն կարագացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցների մշակումը արևելյան Միջերկրական ծովում ապօրինի հորատման գործողությունների համար, նաև՝ մինչև սեպտեմբերի 24-ը լրացուցիչ միջոցառումներ կնախապատրաստի Անկարայի դեմ, եթե թուրքական կողմից առաջընթաց չլինի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԵՄ դիվանագիտական կառույցի ղեկավար Ժոսեպ Բորելը՝ Բեռլինում միության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Հասկանալի է, որ ԵՄ-ում աճում է հիասթափությունը Թուրքիայի պահվածքի հանդեպ, ուստի խորհուրդը աշխատանքային խմբերին խնդրում է արագացնել ապօրինի հորատման պատճառով Կիպրոսի կողմից առաջարկվող անձանց դեմ պատժամիջոցներ կիրառելու աշխատանքը: Մենք նաև համաձայնության եկանք, որ եթե առաջընթաց չլինի, մենք կարող ենք նոր պատժամիջոցներ մշակել, որը կարող ենք քննարկել սեպտեմբերի 24-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում»,- ասել է նա:
Ըստ Բորելի, Անկարայի դեմ որպես պոտենցիալ միջոցառում Բրյուսելը դիտարկում է, մասնավորապես, ապօրինի հորատման գործողություններով զբաղվող թուրքական նավերին իր նավահանգիստներ մուտքը արգելելու հնարավորությունը:
«ԵՄ խորհուրդն ինձ առաջարկել է առաջարկությունների փաթեթ մշակել, եթե ճգնաժամի չկարգավորվի դիվանագիտական ճանապարհով: Նախ, մենք կարող ենք «սև ցուցակում» ներառել հատուկ անձանց, ակտիվներ, այդ թվում՝ նավերին, արգելել նրանց օգտագործել եվրոպական նավահանգիստները և ափամերձ ծառայությունները, ֆինանսավորումը: Բացի այդ, կարող են կիրառվել ոլորտային տնտեսական բնույթի միջոցներ»,- պարզաբանել է նա:
Արևելյան Միջերկրական ծովում հակամարտությունը, մի կողմից Թուրքիայի և մյուս կողմից Հունաստանի և Կիպրոսի միջև, սրվեց ածխաջրածիններով հարուստ ստորջրյա շելֆերի պատճառով: ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար մղձավանջ կլինի, եթե Անկարայի և Աթենքի միջև դիվանագիտական առճակատումը ռազմականի վերածվի:
Ցանկանալով ամրապնդել շելֆերի նկատմամբ իր պահանջները, Թուրքիան Միջերկրական ծովի ջրերի սահմանազատման վերաբերյալ համաձայնագիր կնքեց Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ (որը վերահսկում է երկրի միայն մի փոքր մասը): Դրա դիմաց Անկարան Տրիպոլիին առաջարկեց մեծ ռազմական օգնություն, որն արդեն ակտիվորեն տրամադրում է՝ բացահայտորեն խախտելով Լիբիա զենքի մատակարարման ՄԱԿ-ի արգելքը:
Միևնույն ժամանակ, Թուրքիան իր հետախուզական նավերն ուղարկեց վիճելի ջրեր՝ հունական մի շարք կղզիների և Կիպրոսի մերձակայք, որը ԵՄ անդամ է, բայց մաս չի կազմում ՆԱՏՕ-ին: Հունաստանը չճանաչեց Լիբիայի հետ Թուրքիայի համաձայնությունը և դրան ի պատասխան կնքեց Եգիպտոսի հետ տարածքային ջրերի սահմանազատման մասին համաձայնագիր, որն էլ Թուրքիան չճանաչեց:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին