Հայրենադարձներին հիմնական հուզող հարցերը
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի նախաձեռնությամբ ՀԳՄ-ի գրասենյակում այսօր կայացած հանդիպմանը, որին ներկա են գտնվել նաև ՀԳՄն երկայացուցիչ ԻշխանՍաղաթելյանն ու ՀԳՄ անդամ Շաղիկ Մարուխյանը, քննարկվել են հայրենադարձ լիբանանահայերի և սիրիահայերի խնդիրները:
Այս մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
Ողջունելով ներկաներին՝ ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր խոսքում նշել է, որ Դաշնակցության հայաստանյան կառույցն իր ողջ ներուժը մշտապես օգտագործել է՝ օժանդակելու համար հայրենադարձների՝ հայրենիքում հաստատմանը և վերջիններիս շրջանում վերստին արտագաղթի ցավալի դեպքերի նվազեցմանը: Ըստ ՀԳՄ ներկայացուցչի՝ հարցերը շատ են և բազմաշերտ, որոնք ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Դրանք պետք է արձագրվեն պատկան պետական մարմինների կողմից, ուսումնասիրվեն և համապատասխան ջանքեր գործադրվեն՝ արագ լուծում տալու ուղղությամբ:
Քննարկմանը ներկա լիբանանահայ և սիրիահայ հայրենադարձները մատնանշել են իրենց հուզող և հրատապ լուծման կարոտ մի շարք հարցեր: Դրանցից առավել հրատապների շարքում առանձնանալի են՝
• հայրենադարձվողներին առավել հաճախ հետաքրքրող հարցերի պատասխանները պարունակող հարթակների հասանելիության դյուրացմանը,
• ՀՀ վարորդական իրավունքների վկայականների բացակայության կամ մեծ դժվարություններով ձեռքբերմանը (միջազգային հանրագրերի պահանջներով պայմանավորված, ՀՀ-ում հնարավոր չէ ներկայացնել Սիրիայի և Լիբանանի վարորդական իրավունքները և ավտոմատ կերպով, առանց քննություն հանձնելու, ստանալ ՀՀ վարորդական իրավունքի վկայական, իսկ ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով քննություն հանձնելը, ըստ հայրենադարձների, կապված է լեզվական և նյութական դժվարությունների հետ),
• հայաստանաբնակների կողմից բնակարանների և ծառայությունների վարձավճարները երբեմն արհեստականորեն թանկացնելուն,
• Լիբանանում և Սիրիայում ունեցվածքների փոշիացմամբ պայմանավորված դժվարություններին,
• ՀՀ-ում ծառացած սոցիալական դժվարություններին և պետության կողմից հարկային արտոնությունների բացակայությանը,
• Արցախում վերաբնակվելուն և այլնին առնչվող հարցերը:
Հայրենադարձները փաստել են, որ յուրաքանչյուր ներկայի շրջապատում նույն խնդիրների լուծմանն են սպասում շուրջ 40 այլ ընտանիքներ ևս, և խոսքը հազար ընտանիքի կամ շուրջ 4 հազար մարդու մասին է։