Իմիտացիոն գործողություններ անելու ժամկետները վաղուց սպառված են. ՀԲՃ
Փոքր ՀԷԿ-երը նախկինի նման շարունակում են չորացնել Հայաստանի գետերն ու ոչնչացնել կենսաբազմազանությունը։ Այս մասին ահազանգում է Հայկական բնապահպանական ճակատ կամավորական քաղաքացիական նախաձեռնությունը։
«Ուղղակի դիտեք մեզ ուղարկած ահազանգի կադրերն ու կհամոզվեք, որ ձևական ու դրվագային փոփոխություններ անելով խնդիրները հնարավոր չէ լուծել։ Նույնիսկ կարևոր չէ, թե ովքեր են այս հիդրոէլեկտրակայանները շահագործող ընկերությունները, քանի որ ջրասակավ ժամանակահատվածում սա կրում է համատարած բնույթ՝ ինչպես և նախկինում էր։ Կան հարյուրավոր արձանագրված փաստեր վերջին 10 տարվա ընթացքում։
Այս տեսագրություններն արվել են հեռախոսով 2020թ-ի օգոստոսին, Արփա և Սառնակունք (Որոտանի վտակ) գետերի հովիտներում, ՀԲՃ-ի աջակիցների կողմից։ Ահազանգը չենք փոխանցում որևէ պետական կառույցի, քանի որ անիմաստ ենք համարում մասնավոր դեպքերի հետևից գնալն ու ինչ-որ ծիծաղելի տուգանքներ գրելը։ Խնդիրն ունի համակարգային լուծման կարիք, իսկ դրա համար անհրաժեշտ է ցանկություն, կամք, գիտելիք ու մասնագետներին լսելու ունակություն։
Ակնհայտ է, որ 2018թ-ի մայիսից հետո այս ոլորտը կարգավորելու ուղղությամբ արված փոփոխությունները խիստ անբավարար են ու գետային էկոհամակարգերը շարունակում են հայտնվել աղետալի վիճակում։ Փոքր ՀԷԿ-երի ջրառի կետերում ջրաչափեր տեղադրելու պահանջն ու իրականացումը ներկայացվում էր որպես լուծում և մեծ ձեռքբերում, բայց իրականում դա ոչ միայն այդպես չէ, այլ շատ դեպքերում տնտեսվարողներին հնարավորություն է տալիս հեշտությամբ ամբողջովին ջրազրկել գետերը կամ չպահպանել ջրօգտագործման թույլտվություններով սահմանված առանց այն էլ հակաէկոլոգիական բնապահպանական թողքը։
Այս հոդվածում չենք ներկայացնի բոլոր մասնագիտական նրբությունները, այլ կհորդորենք պետական լիազոր մարմիններին կամք դրսևորել ու լուրջ մասնագիտական քննարկումներից հետո գտնել այս և մնացած էկոլոգիական խնդիրների լուծման իրական ճանապարհները։
Իմիտացիոն գործողություններ անելու ժամկետները վաղուց սպառված են»,- նշված է նախաձեռնության հաղորդագրություն մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Եղեգ» ՓՀԷԿ-ն իրականացրել է սահմանված ջրաքանակից ավելի ջրառ
- «Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանում իրականացվում են ստորջրյա որոնողական աշխատանքներ
- Աղստև գետի բոլոր ՀԷԿ-երը կառուցված են քաղաքաշինական նորմերի խախտումով, մարզպետ
- «Դարանակ» ու «Կանթեղ» ՓՀԷԿ-երին տուգանել են
- Սակավաջրության պայմաններում կարող է որևէ ՓՀԷԿ-ից վերցնել ջուրը և ուղղել ոռոգման համակարգեր
- «Իրատես». Այս իշխանությունների ժամանակ ևս Լոռու մարզում նոր հէկեր կառուցելու մոլուցքը չի նահանջում
- «Փաստ». Փաշինյանը համապատասխան կառույցներին հանձնարարել է խորքային ուսումնասիրել հէկ-երի հետ կապված ամեն մի մանրուք
- Վերջին մեկուկես տարվա մեջ որևէ գետի վրա,որևէ նոր ՀԷկ-ի թույլտվություն չի տրվել.Է.Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան