Հայաստանի շախմատի հավաքականը ի նշան բողոքի բոյկոտել է Հնդկաստանի հետ երկրորդ մրցախաղը
Օնլայն Օլիմպիադայի 1/4 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Հնդկաստանի ընտրանին: 2,5 - 2,5 հաշվի ժամանակ մրցաշարի հարթակ հանդիսացող Chess.com կայքում առաջացել է տեխնիկական խնդիր, որի պատճառով Հայկ Մարտիրոսյանի կատարված քայլը չի գրանցվել և նրան գրանցվել է պարտություն: Հայաստանի շախմատի ֆերեդացիայից հայտնում են, որ դիրքը, որի ընթացքում սպառվել է նրա ժամանակը, ամբողջովին հավասար էր և ավարտվելու էր ոչ-ոքի:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան պաշտոնապես բողոքարկել է որոշումը, սակայն, շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո, ՖԻԴԵ-ն մերժել է բողոքը, որի արդյունքում Հայաստանի հավաքականն առաջին մրցախաղում պարտվել է: Ֆեդերացիայի տեխնիկական մասնագետները ապացուցել են, որ Հայաստանի հավաքականի մոտ մրցախաղի ամբողջ ընթացքում եղել է ինտերնետ հասանելիություն, Հայկ Մարտիրոսյանը միացված է եղել Zoom տեսազանգին և, եթե խնդիրը լիներ ինտերնետի բացակայությունը մեր կողմում, ապա նա չէր գտնվի նաև Zoom տեսազանգի տիրույթում:
«Մեր տեխնիկական մասնագետները նշեցին նաև, որ ֆեդերացիան ունի երկու ինտերնետ կապի հասանելիության գիծ և, եթե մեկ գիծը խափանվում է, անմիջապես միանում է մյուսը, և այդ դեպքում փոխվում է IP հասցեն: Chess.com կայքը հաստատեց, որ IP հասցեի փոփոխություն չի եղել, Հայկ Մարտիրոսյանը միշտ ունեցել է համացանցի հասանելիություն, սակայն, իրենց համար անհասկանալի պատճառով, նրա քայլերը չեն գրանցվել: Մեր փաստարկներին չներկայացնելով որևէ իրական հակափաստարկ՝ ՖԻԴԵ-ն մերժեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի բողոքը:
Հայաստանի հավաքականի անդամներն այն համոզմանն էին, որ կայացված որոշումն ակնհայտ անարդար է, և նման պայմաններում մեր թիմը չի կարող շարունակել հետագա մասնակցությունը մրցաշարին: Թիմը որոշեց բոյկոտել Հնդկաստանի հետ 2-րդ մրցախաղը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան մրցաշարի հարթակ հանդիսացող chess.com կայքից պահանջել է կայքի ծանրաբեռնվածության հետ կապված որոշակի տվյալներ, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել»,- հայտնում են ֆեդերացիայից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան