2020-ին տնտեսական ոլորտում բավականին հետընթաց ունենք. Թաթուլ Մանասերյան
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2020 թվականի տվյալներով բավականին հետընթաց ունենք, բայց դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնենք, որ եղել են ազդեցություններ, որոնք մեր մրցակից, ինչպես նաև բարեկամ երկրներում նույն հետևանքն են ունեցել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով 2020 թվականի առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշներին։
Նրա խոսքով, տնտեսության և տնտեսական ցուցանիշների վրա ազդող գործոնների մասին խոսելիս, առաջին հերթին պետք է հաշվի առնել համավարակը. դա չէր կարող հաշվի առնվել 2020 թվականի տնտեսական գործունեության կանխատեսումներում։ Տնտեսագետը նշեց, որ ինչպես առկա ցուցանիշներն են վկայում, համավարակը բավականին լուրջ ազդեցություն է թողել՝ բացասական առումով։
«Հատկապես փետրվար-մարտ ամիսներին խնդիրներ էին առաջացել ինչպես դրամավարկային քաղաքականության, այնպես էլ ազգային դրամի անվտանգության տեսանկյունից։ Իհարկե, շատ կարճատև եղել են փոխարժեքի և ֆինանսական ընդհանուր պայմանների փոփոխություններ, բայց պետք է նշեմ, որ Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում միակ երկիրն է, որը պահպանեց ազգային դրամի կայունությունը։ Դա բավականին բարենպաստ ֆոն է ստեղծել տնտեսության տարբեր ոլորտների համար։ Թեև ցուցանիշների մեծ մասը բացասական է, և արտաքին առևտրաշրջանառության գծով որոշակի կորուստ ունենք, բայց ԵԱՏՄ առանձին երկրների հետ այնուամենայնիվ ապրանքաշրջանառության մեջ մենք բավականին շոշափելի ծավալներ ենք պահպանում։
Թեև ՌԴ ապրանքների արտահանումն անկում է ապրել, բայց առանձին ապրանքատեսակների գծով կա աճ։ Դա ալկոհոլային խմիչքների մասով է, և մենք հույս ունենք, որ համավարակով պայմանավորված սահմանափակումները երբ հանվեն, ապա ծառայությունների ոլորտում մենք կունենանք որոշակի աշխուժություն։ Հայտնի է, որ տարվա միայն առաջին կիսամյակով տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին խոսել հնարավոր չէ»,- ասաց տնտեսագետը։
Թաթուլ Մանասերյանի խոսքով, աշնան ամիսները կարող են դեռ որոշակի փոփոխություն մտցնել տնտեսական ակտիվության ցուցանիշում։ Ըստ նրա, փոխվել են տնտեսության զարգացման վերաբերյալ կանխատեսումները.
«Բայց այս պայմաններում տնտեսության կայունությունը պահպանելը, կարծում եմ, լուրջ ձեռքբերում կլինի, քանի որ ընդհանուր ֆոնը միջազգային ասպարեզում բարենպաստ չէ։ Ավելին՝ անորոշությունը ավելի բնորոշ է զարգացած երկրներին։ Մենք հույս ունենք, որ համավարակը և առաջ եկած տնտեսական ճգնաժամը կարող է լավ հնարավորություն լինել ՀՀ-ի համար՝ ավելի դինամիկ զարգացնելու իր տնտեսությունը, եթե մեզ հաջողվի տարանջատել արտաքին բացասական ազդեցությունները ներքին խնդիրներից։ ԵԱՏՄ-ի հետ մեր կապերն այդպիսի հնարավորություն տալիս են մեզ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան