230 բնակիչ ունեցող Ծղուկի հիմնական խնդիրները
Սյունիքի մարզ Ծղուկ համայնքում բնակվում է 230 բնակիչ։ Նրանց հիմնական խնդիրն, իրենց ներկայացմամբ, հողի հարցն է։ Բնակիչներին իրենց խնդիրները ներկայացրեցին աշխատանքային այցով Ծղուկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Մեր վարելահողերը վերցրել ենք, մեզ համար արոտ ենք սարքել՝ չունենալով արոտ։ Մոտակա արոտը տրված է վարձակալության»,- խնդիրը ներկայացրեցին բնակիչները։ Նրանք գտնում են, որ վարձակալական հողերը վերադարձնելու դեպքում իրենց խնդիրը կլուծվի։
Համայնքի բնակիչներից մեկն ասաց, որ վարկ է վերցրել, գրավ է դրել տունը, 6 միլիոն են տվել։
«Խոտ չկա, կաթ չկա, որ հիմա այդ վարկը փակենք։ Եթե չփակեմ, իմ տունը կորում է։ Միայն իմ վիճակը չէ այսպես։ Մարդի առավոտից իրիկուն աշխատում են, մարդիկ կոնկրետ փող չունեն վճարելու համար։ Շատ վատ տարի է կոնկրետ այս գյուղի համար։ Քանի որ անասունը շատ է, միսը չենք կարողանում սպառել»,- ասաց Ծղուկի բնակիչը։
Փաշինյանը բնակիչներին լսելուց հետո թվարկեց հիմնական խնդիրները՝ հողի հարց, կաթի ու մսի գնի հարց, վարկային հարցեր։
Նիկոլ Փաշինյանը եղավ նաև Անգեղակոթում։ Վարչապետն ասաց, որ հաջորդ տարի այստեղ 6 կմ ճանապարհ կկառուցվի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապաիկյանը նշեց, որ բնակիչները 14 կմ ճանապարի խնդիր են բարձրացնում։ Առաջարկվեց անել երկու փուլով։ Անգեղակոթի բնակիչներն ասացին նաև, որ 270 հազար խմ ջուր են ուզում ու 10 դույմանոց խողովակ։
Կառավարությունը տեղեկատվություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզ կատարած այցից։ Նա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է Ծղուկ, ապա Անգեղակոթ համայնքներ, ինչպես այս տարեսկզբին խոստացել էր:
Ծղուկ համայնքում վարչապետը բնակիչների հետ զրույցում լսել է նրանց խնդիրները, որոնք վերաբերում են անասնապահությանը՝ արոտավայրերին, մսի և կաթի մթերմանը, համայնքում նոր մանկապարտեզի կառուցմանը: Նիկոլ Փաշինյանը նշված հարցերի հետ կապված հանձնարարականներ է տվել նախարար Սուրեն Պապիկյանին և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին՝ խնդիրների լուծման ուղղությամբ հստակ առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Նշվել է, որ համայնքում մանկապարտեզ կառուցելու հետ կապված աշխատանքներ են տարվում: Մանկապարտեզի կառուցումը նախատեսվում է իրականացնել գալիք տարվա ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ կառավարություն-համայնք համագործակցությամբ:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Անգեղակոթ համայնք, որտեղ կարճատև հանդիպման ընթացքում բնակիչները բարձրացրել են գյուղի գլխավոր ճանապարհի վերանորոգման հարցը: Մարզպետ Հունան Պողոսյանը զեկուցել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ են ճանապարհի վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքները, որոնք իրականացվելու են կրկին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում:
Վարչապետը բնակիչներին տեղեկացրել է, որ այստեղից աշխատանքային այցող ուղևորվում է Արցախի Հանրապետություն և խոստացել որոշ ժամանակ անց կրկին այցելել Անգեղակոթ:
Բնակիչներից մեկն ասաց, որ տեղական շուկային պետք է ուշադրություն դարձնել։
«Ձեր աշխատանքը շատ գովելի է։ Իրոք, դուք բացել եք ճանապարհներ արտահանելու համար, բայց բացել եք ճանապարհներն օլիգարխների համար, որ նորից հարստանան»,- նշեց Ծղուկի բնակիչը։
Բնակիչների խոսքով, ամեն ինչ թանկացել է, իսկ գյուղացու ապրանքն իջել է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան