Որպեսզի ընտրեն սահմանամերձ Տավուշում ապրելու ճակատագիրը
«Սահնանում ապրողն իսկական հերոս հայի տեսակն է, և սահմանամերձ համայնքը զարգացնելն այն ճանապարհն է, որ պետք է տանի հաղթանակ։ Այդ ճանապարհին չափազանց կարևոր է մտավորականի, գյուղացու գործը, քանի որ նա իր վարքով ավելացնում է ևս մի հատիկ՝ Հայաստանի հզորության և անվտանգության համար»,- այսօր Տավուշի մարզի Այգեպար համայնքում «Հարափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ, հայացք սահմանից» խորագրով համաժողովի ընթացքում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Նրա խոսքով, հզոր Հայաստանի շղթայի մի կարևոր օղակ է սահմանամերձ համայնքը։ Ըստ մարզպետի, Տավուշը զարգացնելու, սահմանամերձ համայնքը առաջ տանելու համար ավելի մեծ էներգիայով պետք է տարածաշրջանը տնտեսապես ակտիվացնել։
«Մենք կարող ենք սահմանամերձ գյուղերում տներ կառուցել, բայց այդ տներում ապրելու համար մարդիկ պետք է ունենան աշխատանք, եկամուտ, որպեսզի ընտրեն սահմանապահ գյուղում ապրելու ճակատագիրը։ Եվ դրա համար, կարծում եմ, որ տնտեսական ներդրումներն ու նախաձեռնությունները, որոնք կան մեր երկրում, թիվ մեկ գրավականն են մեր անվտանգային համակարգի»,- ասաց նա։
Հայկ Չոբանյանի կարծիքով, իրենք պետք է ստեղծեն բովանդակություն, մտքի ուժ, որով պետք է պայքարել խնդիրները կանոնակարգելու և լուծելու, ինչպես նաև Տավուշի ապագան եզրագծելու համար։
«Այստեղ՝ սահմանին տնտեսական ցանկացած ծրագիր իրականացնելը, գտնում եմ, որ խիստ կարևոր է, քանի որ դա լուրջ մարտահրավեր է, նոր ուղերձ է, հատկապես, երբ մենք տեսանելի հեռավորության վրա ենք գտնվում թշնամու դիրքերից։ Թշնամուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա մեր երեխաները մեծանում են, մանկապարտեզ ու դպրոց են հաճախում, բնակիչներն էլ գյուղատնտեսությամբ են զբաղվում։ Մենք պետք է այնպես անենք, որպեսզի ապահովենք այստեղի բնակիչների լիարժեք անվտանգությունը»,- վստահեցրեց Տիգրան Չոբանյանը։
Տավուշի մարզպետը, որպես մարզի առաջ ծառացած կարևորագույն խնդիր, առանձնացրեց և շրջանառեց ջրային համակարգերի օգտագործման հարցը.
«Տավուշի ջրամբարը մարզի չորս ջրամբարներից մեկն է։ Մենք ունենք ընդամենը 60 մլն խմ ջրամբարային ծավալ, որի ավելի քան 90 տոկոսը չենք կարողանում օգտագործել, և դա գնում է Ադրբեջան։ Տավուշի ջրերի ծավալը 420 մլն խմ է, մոտ 90%-ը ևս մենք չենք կարողանում օգտագործել։ Մեր ջրամբարները գտնվում են ցածրադիր գոտիներում, քանի որ ժամանակին կառուցվել են սկզբունքով, որ ծառայեն և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Իսկ հայաստանյան ջրային համակարգը հիմնված է եղել պոմպակայանների վրա, որոնք հիմնականում թալանվել և ոչնչացվել են։ Հիմա մենք պետք է դրանք վերականգնենք և մեր գյուղացուն հնարավորություն տանք՝ 10 անգամ ավելի եկամուտ ունենալու։ Իսկ ջրդի և անջրդի հողերի եկամտային տարբերությունները մոտավորապես 10 անգամ են։ Դրանով մենք լրջագույն փոփոխություններ կանենք նաև մեր անվտանգային համակարգում։ Ես կարծում եմ, որ այս թեման պետք է լինի քննարկման առարկա։ Ես կուզեմ, որ այստեղ ծնվեն կարևոր ուղերձներ և առաջարկություններ»։
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մեր բանակի կողքին ամուր կանգնած է սահմանապահ գյուղացին, ու որևէ կերպ հնարավոր չէ նկարագրել կնոջը, որ հրետակոծության ժամանակ մնացել էր տանը միայնակ, և տունը փլվել էր, իսկ ինքը՝ հրաշքով փրկվել։
Նրա խոսքով, անգամ թշնամու կրակի ներքով Տավուշի սահմանապահ գյուղերի բնակիչները հույսով լեցուն էին, նրանց աչքերում հույս կար, թեև ավերվում էին արտերն ու այգիները։
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, շատ կարևոր է, որ այժմ հակառակրոդի առաջ կրկին ծաղկում են մեր շեները.
«Հայաստանից մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր կմ հեռավորությունների վրա, գրեթե ամենուր անկայուն իրավիճակ է..., պատերազմներ, ծանր դրություններ։ Մենք այդ բոլոր վայրերում ունենք քաղաքացինե, որոնք վերապրում են ցանկացած պատերազմական իրավիճակ, հաճախ նաև՝ դառնում գաղթական»։
Ռազմական փորձագետը նշեց, որ դեռ մեկ ամիս առաջ բանակը ցույց տվեց, որ հզոր է, որ կարող է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը, ու, որ ամենակարևորն է, բանակի կողքին կանգնած է սովորական քաղաքացին, սովորական տավուշցին.
«Նա ամեն օր պաշտպանություն իրականացնելու գործին է, ինքն իր հողն է մշակում, տղային էլ ուղարկում է ծառայության»։
Հարակից հրապարակումներ`
- Սարդարապատում տեղի է ունենում Տավուշյան մարտերի զինծառայողների պարգևատրման արարողությունը
- Տավուշում հուլիսյան հրետակոծությունից վնասված տները նորոգվում են
- Տավուշյան իրադարձություններից հետո Հայաստանի ռազմարդյունաբերության հանդեպ արտաքին հետաքրքրության աճ կա․ Հակոբ Արշակյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան