Օտարերկրյա ներդրողները փախչում են Հայաստանից
Վերջերս, կարծես, բավարար ուշադրության չարժանացավ այն լուրը, որ 2020 թվականի օգոստոսի 12-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարեց, որ իր ներդրումները Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծում դադարեցված են, քանի որ Ամուլսարում հանքավայրի շինհրապարակում ցույցերը վերսկսվել են վերջին շաբաթների ընթացքում: Ավելին, Լիդիանի հիմնական բաժնետերերը և վարկատուները նույնպես լքում են նախագիծը (որը ուներ «գործունեության ուժեղ սոցիալական լիցենզիա» Ջերմուկում (“social license to operate”)), օտարերկրյա կապիտալը արտահոսում է Հայաստանից՝ խուսափելու ապօրինի բռնագրավումներից և քաղաքական ռիսկերից:
Սա վերջին 2 տարիներին ՀՀ կառավարության ոչ իրավաչափ անգործության արդյունքն է: Կառավարությունը չի տրամադրել կայուն և կանխատեսելի իրավական ռեժիմ: Հարկ է նշել, որ քաղաքական անկայունությունը, պետական կառույցների թերի աշխատանքը, անորոշ ներդրումային քաղաքականությունը և բիզնեսի նպատակային սահմանափակումները Հայաստանում նպաստել են, որ ներդրողները դրսևորեն «սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի» վերաբերմունք: Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ առաջարկել են Կառավարությանը ձեռնարկել հստակ և գործնական ներդրումային քաղաքականություն (օրինակ՝ ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի՝ 2019թ. ներդրումային քաղաքականության զեկույցը)՝ բարելավելու երկրում համընդհանուր ներդրումային միջավայրը, այդ թվում՝ լուծելու Լիդիանի վեճը:
Գաղտնիք չէ, որ ներպետական կառույցների թերի աշխատանքն այժմ խոչընդոտում է օտարերկրյա ներդրումների ներհոսքը՝ դառնալով հավելյալ «հարկ» ներդրողի համար, որը ավելի է մեծացնում օտարերկրյա ուղղակի ներդրման տրանզակցիոն ծախսը: Ներդրողներն այլևս ցանկություն չունեն ներդրում կատարելու Հայաստանում, որտեղ կա բյուրոկրատիա, նեպոտիզմ, ձևական պահանջների չարաշահում, քանի որ այդ գործոնները մեծացնում են բիզնեսի իրականացման հետ կապված ծախսերը: Ինստիտուցիոնալ որակ ապահովելու նպատակով Կառավարության որդեգրած դիրքորոշումը՝ կոռուպցիայի և իրավունքի գերակայության հետ կապված, բավականին թույլ է և բացասաբար է ազդում օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա՝ պայմանավորված պետական կառույցների թերի և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքով: Երկրի օրենսդրական դաշտը ևս որոշակի և կանխատեսելի չէ, ինչը նույնպես բացասական ազդեցություն է թողնում Հայաստանում ներդրումային միջավայրի վրա, որպես օրինակ նշենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը կարգավորող օրենսդրությունը:
Այն, ինչ կատարվում է հիմա Լիդիանի շուրջ՝ Կառավարության բացթողումն է՝ Լիդիանի ներդրումները արտաքին բացասական ազդեցություններից պաշտպանելու: Բացասական ազդեցությունները գալիս են թե՛ մասնավոր անձանցից, թե՛ Կառավարության և պետական մարմինների աշխատանքներից: Օրինակ, Ոստիկանությունը թերանում է հանքի շինհրապարակում իր աշխատանքները կատարելիս: Կառավարությունը պարտավորություն ունի ոչ միայն ակտիվորեն պաշտպանելու Լիդիանի ներդրումները՝ ցույցերից, բողոքներից, այլև կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու դրանք նմանատիպ իրավիճակներից պաշտպանելու համար: Կառավարությունը չկարողացավ երաշխավորել Լիդիանի բաժնետերերի և ներդրողների իրավական պաշտպանությունը, որպեսզի ներդրողներն իրենց իրավունքները արդյունավետ կերպով իրացնեն Հայաստանում:
Ինչ անել…
Անհրաժեշտ է գտնել օտարերկրյա ներդրողի շահերի և պետության որդեգրած բնապահպանական սկզբունքների պաշտպանության ճիշտ բալանսը: Կառավարությունը պետք է թափանցիկորեն ձևավորի իր ներդրումային քաղաքականությունը՝ Լիդիանի գործով պայմանավորված, միջամտություն կատարելով միայն այն դեպքում, երբ այն տվյալ իրավիճակում ունի պետական կարգավորման իրավունք և պարտավորություն պաշտպանելու ներդրողի բնականոն աշխատանքը, այսինքն՝ պարտավորություն՝ օգտագործելու իր կարգավորման իրավունքը առանց խոչընդոտելու և քաղաքական, տնտեսական ներգործություններ իրականացնելու:
Կառավարությունը պետք է հաշվի առնի, որ Լիդիանի նախագիծը բավարարում է Միջազգային ֆինանսական կորպորոցիայի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման պահանջները, որոնք նպատակ ունեն առանձնացնելու, կանխելու, մեղմացնելու և կառավարելու հնարավոր ռիսկերը և ազդեցությունները, որպեսզի բիզնեսը իրականացվի կայուն կերպով՝ ցույց տալով բաժնետերերի ներգրավվածությունը, Լիդիանի պարտավորությունների բացահայտ կատարումը նախագծի բոլոր փուլերում:
Շտապ գործողություններ՝ ներդրումների հետ կապված
Նոր տիպի կորոնավիրուսային համաճարակը հանգեցրել է անմիջական և խոր տնտեսական ճգնաժամի տեղական տնտեսական շուկայում: Կառավարությունը ձեռնարկել է բազմաթիվ միջոցառումներ՝ համաճարակի տնտեսական և սոցիալական հետևանքների վերացման համար, որոնք, սակայն, արդյունավետ չէին: Կառավարությունը կարիք ունի շուտափույթ ձևով մշակելու ներդրումային քաղաքականություն, որը կկենտրոնանա հիմնականում ներդրումային գործընթացների հեշտացման, ֆինանսական, հարկային նախաձեռնությունների վրա, ինչպես նաև պետության մասնակցության վրա՝ համաճարակից առավել տուժած ոլորտների հետ կապված: Այն պետք է իրականացնի նաև միջոցառումներ՝ ի աջակցություն օտարերկրյա ներդրումների և ի պաշտպանություն տեղական բիզնեսների:
Կառավարությունը պատրաստակամության հայտնի ակտիվորեն ներգրավվելու ստրատեգիական բիզնեսների զարգացման գործընթացներին: Սա կարող է ներառել իր մեջ այնպիսի քայլեր, ինչպիսիք են՝ կապիտալի ֆինանսավորում, անգամ ամբողջական կամ մասնակի ազգայնացումներ: Ավելին, համաճարակով պայմանավորված՝ պետական ֆինանսական օժանդակություն պետք է տրամադրվի առավելապես և հիմնականում ՓՄՁ բիզնեսներին: Դրանք, պետք է իրենց մեջ ներառեն հետաձգված վճարումների երաշխավորված վերադարձի հնարավորություններ, անուղղակի ֆինանսավորում մատակարարներին, ֆինանսական արտոնություններ կազմակերպություններին, համաֆինանսավորում զարգացման ծրագրերին և ուղղակի ֆինանսավորում տեղական կազմակերպություններին:
Գրիգորյան Սարգիս, GPartners իրավաբանական ընկերություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին