«Ինչպիսի խայտառակություն»
Շախմատի պատմության մեջ առաջին անգամ անցկացված համաշխարհային օնլայն Օլիմպիադայի չեմպիոններ են Ռուսաստանի և Հնդկաստանի թիմերը։
Եզրափակչի առաջին ռաունդն ավարտվել էր ոչ ոքի՝ 3։3։ Երկրորդ ռաունդում Հնդկաստանի հավաքականի երկու խաղացողներ խնդիրներ են ունեցել ինտերնետ կապի հետ: 4,5։15 հաշվով հաղթել է Ռուսաստանի թիմը։ championat.com-ի հաղորդմամբ, սա նշանակում է, որ օլիմպիադայում հաղթողը Ռուսաստանն է։ Սակայն Հնդկաստանի հավաքականը բողոքարկել է այն պատճառաբանությամբ, որ կապի խնդիր ունեցել են ոչ թե իրենց շախմատիստները, այլ այն կայքի սերվերը, որով անցկացվում է խաղը։ Բողոքարկումը բավարարվել է, ՖԻԴԵ-ի օնլայն Օլիմպիադայի հաղթող են ճանաչվում Ռուսաստանն ու Հնդկաստանը։
Ի դեպ, օլիմպիադայի ընթացքում նմանատիպ խնդիրներ ուներ նաև Հայաստանի հավաքականը՝ Հնդկաստանի հետ քառորդ եզրափակչում, այն ժամանակ հաղթանակը տվել էր Հնդկաստանին:
«Հետաքրքիր է՝ իրենք իրենց որոշումներից չե՞ն ամաչում: Կամ համաճարակը այնքան ազդել է մտքի վրա, և մարդիկ իրենց համարում են «ամենազոր»՝ նստած համակարգիչների մոտ։ Նրանք շախմատից էժան կամ թանկ շապիտո ին սարքել, բայց, ցավոք, կրկեսը հեռանում է, բայց ծաղրածուները, չգիտես ինչու, մնում են ... »,- Թվիթերում գրել է գրոսմայստեր, Հայաստանի վեցակի չեմպիոն, Եվրոպայի թիմային առաջնության հաղթող Էլինա Դանիելյանը։
«Ինչպիսի խայտառակություն ... Արկադի Դվորկովիչը և Էմիլ Սուտովսկին ձախողեցին ... Ամբողջ շախմատային աշխարհին ցույց տվեցիք, որ բարոյական սկզբունքներ չունեք»,- ֆեյսբուքյան էջում գրել է գրոսմայստեր, աշխարհի թիմային ութերորդ առաջնության հաղթող, շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող Գաբրիել Սարգսյանը։
Նշենք, որ Արկադի Դվորկովիչը ՖԻԴԵ-ի նախագահն է, իսկ Էմիլ Սուտովսկին ՖԻԴԵ-ի գլխավոր տնօրենը։
championat.com-ի հաղորդմամբ, Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնության կրկնակի հաղթող, գրոսմեյստեր Յան Նոպոմնյաշչին մեկնաբանել է ՖԻԴԵ-ի առցանց օլիմպիադայի արդյունքները:
«Ընդհանրապես, Օլիմպիական խաղերը, ինչպես և շախմատային օլիմպիադան, կոչված են միավորելու տարբեր մշակույթներ ու երկրներ: Այնպես որ այս իրավիճակը ուրախալի չէ: Առցանց խաղի խնդիրը կապի հնարավոր խափանումներն են: Իհարկե, դա վեճեր է առաջացնում: Ինձ թվում է, որ Հայաստանի հավքականի հետ նմանատիպ դեքից հետո, երբ Հայաստանի բողոքարկումը մերժվեց, առաջացավ նախադեպ, և տրամաբանական կլիներ դրա հիման վրա որոշում կայացնել:
Զավեշտալի է այն, որ Հնդկաստանը եղավ բարիկադի տարբեր կողմերում, սակայն երկու անգամ էլ նրա օգտին որոշում կայացվեց: Չեմ թաքցնի, տղաները հիասթափված են: Ինձ թվում է, սա փոքր ինչ դեմ է մարզական սկզբունքին: Հնդկաստանը եզրափակչում ոչ մի պարտիա չի հաղթել: Եթե փորձենք մեզ դնել ՖԻԴԵ-ի տեղը, ցավոք, սա առաջին դեպքը չէ առցանց օլիմպիադայի ընթացքում: Եվ պետք էր փոխզիջումային որոշում կայացնել: Այլ խոսքով, որպես չեզոք երկրպագու, ես որոշումը կարող եմ լիովին հասկանալ և հնարավոր է մասամբ ընդունել, սակայն որպես մարզիկ, որը մասնակցել է, խառը զգացումներ ունեցա»,- ասել է Նեպոմնյաշչին:
Հիշեցնենք, որ Օնլայն Օլիմպիադայի 1/4 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Հնդկաստանի ընտրանին: 2,5 - 2,5 հաշվի ժամանակ մրցաշարի հարթակ հանդիսացող Chess.com կայքում առաջացել է տեխնիկական խնդիր, որի պատճառով Հայկ Մարտիրոսյանի կատարված քայլը չի գրանցվել և նրան գրանցվել է պարտություն: Հայաստանի շախմատի ֆերեդացիայից հայտնել էին, որ դիրքը, որի ընթացքում սպառվել է նրա ժամանակը, ամբողջովին հավասար էր և ավարտվելու էր ոչ-ոքի: Հայաստանի շախմատի ֆեդերացիան պաշտոնապես բողոքարկել էր որոշումը, սակայն, շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո, ՖԻԴԵ-ն մերժել է բողոքը, որի արդյունքում Հայաստանի հավաքականն առաջին մրցախաղում պարտվել է: Ֆեդերացիայի տեխնիկական մասնագետները ապացուցել են, որ Հայաստանի հավաքականի մոտ մրցախաղի ամբողջ ընթացքում եղել է ինտերնետ հասանելիություն, Հայկ Մարտիրոսյանը միացված է եղել Zoom տեսազանգին և, եթե խնդիրը լիներ ինտերնետի բացակայությունը մեր կողմում, ապա նա չէր գտնվի նաև Zoom տեսազանգի տիրույթում:
Հայաստանի հավաքականի անդամներն այն համոզմանն էին, որ կայացված որոշումն ակնհայտ անարդար է, և նման պայմաններում մեր թիմը չի կարող շարունակել հետագա մասնակցությունը մրցաշարին: Թիմը որոշել էր բոյկոտել Հնդկաստանի հետ 2-րդ մրցախաղը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան