Իր հռչակից մեծ Սարոյանը
Այսօր ամերիկահայ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի նախագծի շրջանակում օգոստոսի 24-31-ը իրականացնում է մի շարք նախաձեռնություններ՝ նվիրված Վիլյամ Սարոյանի 112-ամյակին։
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամից հայտնում են, որ #Saroyanweek-ի ավարտին՝ հենց գրողի ծննդյան օրը ժամը 10։00-22։00 «Զանգակ» գրատանն այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Սարոյանի գրաֆիկական աշխատանքների վերատպությունների բաց ցուցադրությունը: Ներկայացված աշխատանքները Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի և «Forever Saroyan» ՍՊԸ-ի արխիվից են: Ինչպես նաև ծանոթանալ Սարոյանի ավատարին թանգարանի AR ստիկերների միջոցով, այցելել գրողի վիրտուալ թանգարան` օգտվելով վիրտուալ իրականության շրջայցի հնարավորությունից (VR), և վերցնել իրենց հետ սարոյանական ստիկերների փաթեթ կամ էջանիշ՝ որպես ոգեշնչում և տոնական օրվա խորհրդանիշ:
Օրվա ավարտին՝ 22։00-ին Renaissance Foundation Armenia ֆեյսբուքյան հարթակում կցուցադրվի «Լույսեր, տեսախցիկ, Սարոյան» դոկումենտալ ֆիլմը հայերեն կրկնօրինակմամբ՝ նվիրված Սարոյանի կյանքին, ստեղծագործությանը, ինչպես նաև տուն-թանգարանի ստեղծման պատմությանը։
Օգոստոսի 31-ը կնշանավորվի նաև Saroyan Store-ի (https://bit.ly/2QxBKpG) բացմամբ․ թանգարանի առցանց խանութի նպատակն է յուրահատուկ հուշանվերների օգնությամբ տարածել սարոյանական ոճն ու ոգին։
Վիլյամ Սարոյանը ծնվել է 1908 թ. օգոստոսի 31-ին Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում։ 4 տարեկանում զրկվել է հորից և որոշ ժամանակ ապրել է մանկատանը: Այնուհետև մայրը որդուն հանել է այնտեղից և կրթության տվել: Փոքր տարիքից աշխատել է, որպեսզի կարողանա օգնել ընտանիքին, սակայն այդ ամենին զուգահեռ զբաղվել է ընթերցանությամբ և ստեղծագործել է։
Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվելու ընթերցանությամբ, նաև ստեղծագործել է. գրել է փոքրիկ պատմվածքներ:
922 թվականին, երբ մայրը նրան է հանձնում հոր թղթերի ու տետրերի մի կապոց, տասնչորսամյա Վիլյամն իմանում է, որ իր հայրը բանաստեղծ է եղել, բանաստեղծություններ ու պոեմներ է գրել «հին հայրենիքի» լեզվով։ Սա օգնում է Վիլյամ Սարոյանին կողմնորոշվել իր սեփական ապագայի հարցում։
1926թ-ին տասնութամյա Վիլյամը, որը մինչ այդ հասցրել էր փոստատար, սևագործ բանվոր ևՍան Հոակինի ֆերմաներում ու խաղողի այգիներում սեզոնային մշակ աշխատել, թողնում է հարազատ ամերիկա-հայկական Ֆրեզնոն ու գնում Սան Ֆրանցիսկո։ Աշխատում է որպես հեռագրատան ծառայող, սպորտային ապրանքների խանութի վաճառող, պահեստի բանվոր։ Ոչ մի տեղ երկար չի մնում, ապրում է վարձով տրվող սենյակներում։
Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։
Առաջին անգամ իր ստեղծագործությունը տպագրել է 1933 թվականին Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ...: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։ 1939 թվականին Վիլյամ Սարոյանը վեց օրվա ընթացքում գրում է «Քո կյանքի ժամերը»: Այս ստեղծագործության շնորհիվ գրողն արժանացավ Պուլիցերի և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին։ 1940 թվականին Սարոյանը հրաժարվում է առաջին մրցանակից՝ հայտարարելով, որ «Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»:
Իր գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ, որոնց մի մասը զետեղվել է ավելի քան 10 ժողովածուում։ Սարոյանի վիպակներում և պատմվածքներում մարմնավորված իրականության ու երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության ու հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվները հետաքրքիր լուծում են ստացել նաև դրամաներում՝ «Իմ սիրտը լեռներում է», «Կյանքիդ ժամանակը», «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ», «Կոտորածն մանկանց», «Քարանձավի մարդիկ», «Խաղողի այգին», «Մի գավաթ բարություն»:
1942 թ-ին Սարոյանը զորակոչվել է բանակ: Երկրորդ աշխարհամարտը (1939– 1945 թթ.) և պատերազմը, ընդհանրապես, նա ընկալել է որպես մարդկության մեծագույն աղետ: Այդ թեման արտացոլվել է «Մարդկային կատակերգություն» (1942 թ., համանուն ֆիլմի սցենարի համար 1944 թ-ին արժանացել է «Օսկար» մրցանակի) վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» (1946 թ.) վեպում:
1950-60-ական թվականներին գրողն ապրել է Եվրոպայում. ստեղծել է ինքնակենսագրական բնույթի հոգեբանական վիպակների շարք: 1960 թ-ին նա վերադարձել է ԱՄՆ։
Վիլյամ Սարոյանը երազանքներով ու խոհերով, ողջ էությամբ կապված էր Հայաստանին, հայ ժողովրդին: Առաջին անգամ հայրենիքում եղել է 1935 թ-ին, այնուհետև՝ 1960, 1976 և 1978 թթ-ին: Սարոյանը ՀԽՍՀ «Խաղաղության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ ակտիվ գործունեության համար» մրցանակի առաջին դափնեկիրն է:
Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին, Ֆրեզնոյում: Աաճյունի մի մասը, իր կտակի համաձայն, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։
Սարոյանի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, իսկ հայերեն թարգմանվել են հեղինակի բոլոր ստեղծագործությունները:
Նրա շատ գործերում ոչ միայն հայի կերպարներ կան, այլև կա հայկական հոգեբանություն, ոգի ու ոճ, կա անհուն կարոտ հայրենի ավերված օջախի ու կորցրած ծննդավայրի հանդեպ:
«Թեև անգլերեն եմ գրում, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Գործածածս խոսքերն անգլերեն են, միջավայրը, որի մասին գրում եմ, ամերիկյան է: Սակայն այն ոգին, որ ստիպում է ինձ գրել` հայկական է: Ուրեմն` ես հայ գրող եմ»,- ասել է Սարոյանը։
«Մեծերը բացառություններ են, իրենք են ստեղծում իրենց օրենքները, և հայի ոգին Սարոյանով է մտել կեցության նոր ոլորտ... Ինքը իր հռչակից մեծ է և հռչակված ուրիշներից էլ մեծ է...»,- Սարոյանի մասին ասել է գրող Հրանտ Մաթևոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին